Նիկոլ Փաշինյանն ու իր սեփական թիմն այլևս չեն վստահում միմյանց․ առավոտյան մամուլը Times.am-ում

Նիկոլ Փաշինյանն ու իր սեփական թիմն այլևս չեն վստահում միմյանց․ առավոտյան մամուլը Times.am-ում

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների միջև խորացող անվստահությանը զուգահեռ, աճում է դժգոհությունը ժողովրդի մոտ․ Ըստ տեղեկությունների, Մարտունիում այսօր պատրաստվում են փակել գլխավոր ճանապարհը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Իրավունք» թերթը գրում է. «Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահ է, որ ռիսկը, որ Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումից, շատ մեծ է, պատճառը թուրքական էժան ապրանքների լայնածավալ ընդլայնումն է.

«Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա։ Նույնիսկ այն արտադրությունը, որ Թուրքիայում չկա, կվերաարտահանեն, կբերեն Հայաստան` ամբողջ շուկան գրավելու համար։ Ղրղզստանն այդ վիճակում հայտնվեց 20-25 տարի առաջ, երբ չինական ապրանքներն էին ներմուծվում, եւ դեռ ուշքի չի գալիս։ Օրինակները բազմաթիվ են»,– ասաց Մանասերյանը` պատասխանելով հարցին, թե ՄԱԿ-ի տվյալներով Թուրքիան 2023թ.-ին ավելացրել է արտահանումը Հայաստան 6 անգամ, ի՞նչ սպասել սրանից»:

Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարկատուին թիվ 1 հերոս հռչակած ու եկամտահարկերը վճարել չցանկացող խոպանչիներին «օդերով հանող» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պարզվում է, 2022 թվականին շուրջ 600 հազար դրամի հարկ է թաքցրել:

Սա պարզել է աուդիտորական կազմակերպությունը՝ ՔՊ-ի պատվերով։ «Թրանս աուդիտ» ՓԲԸ տնօրեն Հայկ Մարգարյանի եւ առաջադրանքի պատասխանատու Նելլի Սարգսյանի կողմից ՔՊ կուսակցության ղեկավարությանը հասցեագրված «գաղտնի» մակնշմամբ  նամակում, ի թիվս մի շարք դիտարկումների, ասված է.

«Հաշվետու տարվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում վարձակալական վճարների վերաբերյալ տվյալները ներկայացվել են անճշտություններով, մասնավորապես՝ հունվար, մարտ, ապրիլ եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձակալական վճարներից եկամուտներ ստացող անձանց լրացված թվաքանակը չի համապատասխանում այդ ամիսներին փաստացի եկամուտ ստացած անձանց թվաքանակի հետ:

Ինչպես նաեւ, հունիս եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձավճարների ընդհանուր գումարը պակաս է հայտարարագրվել, համապատասխանաբար` 222 222 ՀՀ դրամով եւ 5 907 778 ՀՀ դրամով, ինչի արդյունքում կուսակցության կողմից ֆիզիկական անձանց վճարված վարձավճարների գծով պակաս է հայտարարագրվել եւ պետական բյուջե պակաս է վճարվել 613 000 ՀՀ դրամի չափով եկամտային հարկ»:

Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն կեղծ թվեր է հայտարարագրել, որի հետեւանքով 600 հազար դրամ պակաս հարկ է վճարվել պետական բյուջե»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» իշխանական աղբյուրների համաձայն` օպտիմալացման շրջանակում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակելու մասին լուրերը, մեղմ ասած, չափազանցված են:

Սակայն այն գործի դրվեց` շեղելու մի շարք վտանգավոր թեմաներից, ինչպիսիք են ադրբեջանական վերջին սպառնալիքները` գյուղերի պահանջով, գերության մեջ գտնվողն արցախյան ղեկավարությունից ադրբեջանցիների կորզած հարցազրույցները, ինչպես նաեւ քաղաքական վեկտոր փոխելու վերաբերյալ իշխանական քայլերը:

Այսպիսով` Կոնսերվատորիան այն թեման է, որի հետ կապված` Նիկոլ Փաշինյանն այսօր նախատեսված ասուլիսին, ըստ նախատեսված «օպերացիայի», դուրս կգա« հաղթած»:

Ավելին՝ «Իրավունք» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ փակվում է Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Կակտուսը»:

«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե արդյո՞ք մեքսիկական այդ ռեստորանն իսկապես փակվում է: Պարզվեց, որ այն գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը: Ավելին, մեր տեղեկություններով, ռեստորանն իրոք այլևս չի գործելու, իսկ դրա տարածքում բացվելու է Նալբանդյանի նորաբաց «ԷյթիԷյթ» ցանցի սուպերմարկետներից մեկը:

Ի դեպ, նշենք, որ «Կակտուս» ռեստորանը, մեր ունեցած տեղեկություններով, կապվում է այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Մարտունու բնակիչները կրկին բողոքի ակցիա կանեն, պատճառը փչացող գյուղմթերքն է՝ կաղամբն ու կարտոֆիլը, որը ներմուծվող գյուղմթերքի պատճառով օր-օրի արժեզրկվում ու փչանում է։ Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի բնակիչներից Նվերը մեզ ասաց, որ հարեւան գյուղերից եւս միանալու են ակցիային, պատրաստվում են ճանապարհ փակել․

«Կաղամբն ու կարտոֆիլը չեն սպառվում, դիմել ենք մեր տեղական իշխանությանը` 10-15 օր առաջ, որ մեր հարցին լուծում տան։ Աշնանից մինչեւ հիմա պարսկական ու թուրքական կաղամբը ներմուծել են, ծախել են, մերը մնացել՝ փչանում է։

Մի քանի օր առաջ ճանապարհը փակեցինք, մեր տեղական իշխանությունները եկան, ասեցին, որ հարցին մի լուծում կտան, պետք է սպասել մինչեւ երկուշաբթի։ Այսօր գնացել ենք, ասում են՝ էլի պետք է սպասեք, տեսնենք, թե ոնց է լինում այդ հարցը։ Բայց ապրանքը չի սպասում, արդեն փչանում է, մենք էլ ուզում ենք ճանապարհ փակել, որ կառավարությունը մեր հարցին լուծում տա` կա՛մ մեզ քոչացնի այստեղից, կա՛մ էնպես անի, որ մեր ապրանքը սպառվի, մի ելք գտնի»:

Վերավաճառողները կարտոֆիլն իրենցից լավագույն դեպքում 50 դրամով են ուզում գնել, իսկ «պարոն Ալեքսանյանի սիթիում 250 դրամ է, երեւանցին էլ ասում է՝ գյուղացին ինչ անշնորհք մարդ ա, 250 դրամով կարտոշկա ա ծախում, չի բավարարվում»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, քպական իշխանությունների կողմից շարունակվում է հանրության շրջանում Արցախի ու արցախյան հարցի վերաբերյալ բացասական ֆոն ձևավորելու գործընթացը։

Ինչպես հայտնում է «Փաստ» թերթի աղբյուրը, արցախցիների բռնի տեղահանման վրա աչք փակելուց, Արցախը թշնամուն հանձնելուց, ադրբեջանական բոլոր կապրիզները հանդուրժելուց, բավարարելուց բացի, ներկայում իշխանությունները ձեռնամուխ են եղել հաջորդ էլ ավելի վտանգավոր թեզերի տիրաժավորման գործընթացին։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ներկայում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար առաջնային պլանում է Արցախյան առաջին պատերազմի վրա վերջնական ստվեր գցելն ու ամեն հնարավոր տարբերակով Արցախն ազատագրած, պատերազմի բովով անցած հերոսներին անվանարկելը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս հարցում իշխանությունների թիվ մեկ խաղացողը այդ տարիներին բավական առանցքային դեր ունեցած, իսկ 2018-ից հետո փաշինյանական «գիծն» առաջ տանողներից մեկն է, որն իր սատելիտներով ու սոցցանցային «ակտիվով» արդեն իսկ սկսել է Արցախի հերոսներին անվանարկելու նոր ալիք, որով տիրաժավորվում են այնպիսի բազմավաստակ ու Արցախի հաղթանակում ավանդ ունեցող անձանց անուններն, ինչպիսիք են, օրինակ՝ Նորատ Տեր-Գաբրիել յանն ու Արկադի Տեր-Թադևոսյանը (լեգենդար Կոմանդոսը)։ Հիմնականում փորձ է արվում նսեմացնել նրանց ու այդ տարիներին հաղթանակի գործում մեծ ներդրում ունեցած անձանց գործերը, ստվեր գցել ընդհանրապես Արցախյան ազատամարտի հաղթանակի վրա, ինչի սկիզբն, ի դեպ, դրել էր կարկառուն քպականներից մեկը՝ «հեղափոխությունը» վեր դասելով այդ հաղթանակից։

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց։ Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը խորհրդարանական թիմակիցների հետ փակ հանդիպումներին հրահանգում է առանց հեռախոսների մասնակցել, եթե չասենք՝ հավաքել է տալիս բոլորի հեռախոսները՝ մտավախություն ունենալով, որ կձայնագրեն, ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն։

ՔՊ-ական աղբյուրների պատմելով՝ նույնպիսի անվստահություն է նաեւ պատգամավորների շրջանում` առ Փաշինյանը, ումից ինչ ասես սպասում են թիմակիցները: Օրինակ, վերջին հանդիպումների ժամանակ, երբ օրակարգում ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցն էր քննարկվում, ակնհայտ հակառուսական կամ եվրոպամետ ելույթներ գրեթե չեն հնչել:

Թերեւս հակառակը` սորոսականի համարում ունեցող արեւմտամետ պատգամավորներից շատերը կա՛մ չեն մասնակցել այդ հանդիպումներին, կա՛մ ընդգծված զգուշավորություն են դրսեւորել՝ կասկածելով, որ այդ հանդիպումները տեսաձայնագրվում են, եւ հետագայում իրենք կարող են տհաճ իրավիճակներում հայտնվել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի՝ բռնի տեղահանված արցախցիներին փոխանցված միջազգային գումարների հետ կապված։

Հիշեցնենք, որ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս գումարները այլ կերպ ծախսել։ Նա սահմանել է թեորեմ, ըստ որի՝ չեն առանձնացվելու արցախցիները, իսկ գումարները ծախսվելու են ոչ թե հենց արցախցիների, այլեւ ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների համար։

Սրանից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է արտասահմանից՝ տեղահանված արցախահայերի կարիքների համար եկած գումարներով բարելավել Հայաստանի սոցիալ- տնտեսական վիճակը եւ վերագրել իրեն այդ գործողությունները։ Այս քայլը հետագայում կօգնի նրան գլուխ գովել նախընտրական քարոզարշավներում՝ այդ ամենը վերագրելով իրեն։

Հիշեցնենք, որ նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ յուրաքանչյուր տեղահանվածի պլանավորում են փոխանցել 3 մլն ՀՀ դրամ, որպեսզի բնակարան գնեն: Պարզ է, որ նրանք այդ գումարներով միայն հեռավոր սահմանամերձ բնակավայրերում կկարողանան տուն գնել, քանի որ պահանջարկ չկա այդ հատվածներում»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում