ՔՊ-ում վախի ու անհանգստության մթնոլորտ է տիրում․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ում վախի ու անհանգստության մթնոլորտ է տիրում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին վախեցնել պատերազմով, ՔՊ-ում առավել շատ վախենում են հանրության ցասումից․ իշխող ուժն այևս չի կարողանում թաքցնել ներսում առաջացող ճեղքերը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է: Բանն այն է, որ երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են եղել, նրան ասվել է, որ իր մանդատը ժամանակավոր բնույթ է կրելու, եւ որոշ ժամանակ անց նրան կդարձնեն դեսպան։

Տեւական ժամանակ է՝ Արսենյանի ագրեմանը ուղարկել էին Ռուսաստանի Դաշնություն, սակայն այն չի հաստատվել, եւ գործարար պատգամավորի՝ դեսպան դառնալու պլանները ձախողվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրում չէ, տեւական ժամանակ է՝ լքել է Հայաստանը։

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին, առաջինի հետ նաև ասուլիս է տվել: Սոցցանցերում օգտատերերը նկատել են, որ ի տարբերություն Հայաստան այցելած այլ երկրների ղեկավարների, չի կազմակերպվել Կոբախիձեի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Ուշագրավ է մեկ այլ դրվագ ևս: Նախկինում Հայաստան եկած բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես երկրների ղեկավարների այցերի լուսաբանման ժամանակ հատուկ շեշտադրվում էր նրանց այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հատուկ ռեպորտաժներ էին պատրաստվում: Այս անգամ վարչապետի պաշտոնական կայքում ընդամենը նշված է, որ «Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Այս «խաչասերման» հետեւանքով պետք է առաջանա Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջը։ Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը, որը եւ կլուծի գույքի ճակատագիրը, իսկ, որպես կանոն, կոմիտեին հանձնված գույքը դրվում է աճուրդի ու վաճառվում։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող հայտարարությունները հանրության կողմից բավական բուռն արձագանքի արժանացան: Սա, ըստ էության, իշխանությունների համար կանխատեսելի էր, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նրանք այս իրավիճակի հետ կապված պահեստային տարբերակներ են նախատեսել, ավելին՝ հընթացս նոր «մեթոդներ» են մտածում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին, ինչպես նաև մերձիշխանական որոշ սատելիտների հանձնարարել է այս փուլում ակտիվ մարզային այցեր իրականացնել և հանրությանը «բացատրել», թե իրականում ինչ են ցանկանում անել իրենք։ Մասնավորաբար, տվյալ դեպքում նախատեսվում է հանրային տարբեր հանդիպումների ընթացքում մարդկանց հետ զրույցներ ունենալ, քննարկումներ կազմակերպել, որտեղ իշխանականները պետք է հասկացնեն, որ այն, ինչ տեղի է ունենում, լրիվ «լեգիտիմ» գործընթաց է, որ այդ քայլով ՀՀ սահմաններից ոչ մի տարածք չի հանձնվում, որ այդ տարածքները երբեք Հայաստանինը չեն եղել և այլ հայտնի պնդումներ, որոնք վերջին մի քանի օրերին Փաշինյանը հանրային հարթակներից հնչեցնում է։

Ի դեպ, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հորդորել է նաև հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել իշխանական ճամբարի ստորին էշելոններում: Մասնավորապես ՔՊ-ականների տների եւ գրասենյակների մոտ ռումբեր տեղադրելը, Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակումը ՔՊ-ականների սիրտը վախ է գցել, որ կարող են արժանանալ հանրության դաժան դատաստանին։

Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանը, ով, ամենայն հավանականությամբ, ապաստան կգտնի Հայաստանից դուրս։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է նաեւ պայմանավորված, որ ՔՊ-ի փակ քննարկումներն այլեւս չեն անցնում հլու-հնազանդ մթնոլորտում, եւ շարքային պատգամավորներն անգամ համարձակվում են հակադրվել Փաշինյանի ոչ միանշանակ որոշումներին»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում