Արևմուտքը Փաշինյանից պահանջում է հեռացնել մի շարք պաշտոնյաների․ առավոտյան մամուլը Times.am-ում

Արևմուտքը Փաշինյանից պահանջում է հեռացնել մի շարք պաշտոնյաների․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ ՔՊ-ի ներսում հասունանում են նոր անհանգստություններ ու դժգոհություններ՝ Փաշինյանի վարած ներքին, մասամբ էլ արտաքին քաղաքականության հետ կապված, ՊՆ-ում մեկնարկել են «հուժկու» բարեփոխումներ, «ուռա»-ն փոխարինվեց «կեցցե»-ով․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի հետ շենքերի մաքրման ծառայությունների համար։

Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 641 հազար դրամ, եւ այս ծառայությունը ձեռք է բերվել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

«Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը մինչ 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին. այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը:

Ըստ պայմանագրի՝ նախատեսված է մաքրել 1,495 քմ տարածք։ Մաքրման ենթակա տարածքն իր մեջ ներառում է 160 աշխատանքային տարածք, ըստ երեւույթին՝ աշխատասենյակներ, 3 նիստերի դահլիճ, 1 պահեստի/արխիվի տարածք, 3 սերվերային տարածք, 2 մուտքի/սրահի տարածք, 18 սանհանգույց։
Պայմանագրով նախատեսված է, որ մաքրման ենթակա տարածքները պետք է պատշաճ մաքրված լինեն առավոտյան՝ ժամը 08։00 դրությամբ։

Նախարարության մաքրման ծառայությունների մեջ են մտնում նաեւ սանիտարահիգիենիկ միջոցները, որոնք հստակ սահմանված են ըստ պայմանագրի։

Օճառը պետք է լինի բարձրորակ Dove ապրանքանիշի։ Ըստ պայմանագրի՝ 27 զուգարանային խցիկի համար անհրաժեշտ է երկշերտ սպիտակ թուղթ, իսկ 3-րդ հարկի ձախակողմյան հատվածի 2 սանհանգույցներում պետք է լինեն բարձր որակի զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ ափսեները լվանալու բարձրորակ հեղուկ։

Պայմանագրով սահմանված է մեկ տարվա ընթացքում 6 անգամ լվանալ պատուհանները։ Ջահերի, առաստաղի եւ պատերի մաքրումը առնվազն պետք է իրականացվի 2 անգամ՝ մեկ տարվա ընթացքում։

Հետաքրքիրն այն է, որ սեփական հիգիենայի համար նախարարությանը պարտավորեցնում են պայմանագրով ունենալ ամենաթանկ խնամքի միջոցները, սակայն արցախցուն տրամադրում են ամսական 50 հազար դրամ, որի համար հետո գլուխ են գովում։ Եթե զննենք եւ բացահայտենք նաեւ, թե մաքրուհու աշխատանքի համար, ըստ պայմանագրի սահմանված կետերի, որքան աշխատավարձ է սահմանված, ապա կտեսնենք, որ գրեթե 5 մլն դրամը ծախսվում է իշխանավորների բարեկեցության վրա, իսկ մաքրություն ապահովողները, նույնիսկ հերթապահելով, ստանում են 60-70 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել են ընդդիմության առաջարկը. ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր սահմանազատման եւ սահմանագծման հարցով հրատապ քննարկում անցկացնել:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Հրատապ նիստը տեղի կունենա այսօր՝ մեկնարկող քառօրյայի երրորդ՝ հիմնական նիստում: Որպես հարակից զեկուցողների՝ ընդդիմությունն առաջարկել է նիստին հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը ընդունել են առաջարկը եւ մասնակցելու են ընդդիմության նախաձեռնած նիստին: Տեղեկացանք, որ ընդդիմության մյուս առաջարկը, այն է՝ հրատապ նիստ անցկացնել բաց ֆորմատով, ՔՊ-ն մերժել է, այսնքն՝ նիստը փակ ֆորմատով կլինի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ստեղծած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը փաստացի երեկ քաղաքական «մկրտություն» ստացավ: Ինչպես երևում է, Պողոսյանը որոշել է սկսել փողոցային պայքարով:

Նրա կուսակցության անդամները իրազեկման երթ էին կազմակերպել Մատենադարանի մոտից: Նրանք իրենց քայլերն իրականացնում էին «Ոսկեպարը Հայաստան է», «Կութը Հայաստան է», «Կիրանցը Հայաստան է», «Բաղանիսը Հայաստան է», «Տիգրանաշենը Հայաստան է», «Տեղը Հայաստան է» պաստառներով ու «Նիկոլ դավաճան», «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ» վանկարկումներով:

Կուսակցության անդամները նշեցին, որ երթի նպատակն է «ժողովրդին թմբիրից հանելը», «ազգաբնակչությանը իրազեկելը, որ Բաղանիսը, Ոսկեպարը, Կութը, Կիրանցը, Տիգրանաշենը ՀՀ անբաժանելի մասն են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը թեեւ չի հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին, իր տպավորությունների ու ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին չի կիսվել նրանց հետ, քանի որ նախընտրել է շաբաթ-կիրակին ընտանիքի հետ անցկացնել, սակայն, հավանաբար, նազիր-վեզիրների միջոցով թիմին լուրեր են փոխանցվել, որ Հայաստանին տրվող ընդհանուր հաշվով մոտ 330 մլն աջակցությունը` 4 տարվա կտրվածքով, այսբերգի միայն երեւացող մասն է, խորքում եւս պրոցեսներ են ընթանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` հատկապես պաշտպանական ոլորտում ներդրումների, աջակցությունների մասին, որոնք առանց նախապայմանների չեն լինելու։

Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու լուրերով, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են իրենց, դրանով է պայմանավորված ՌԴ-ի դեմ իրենց վարած կոշտ քաղաքականությունը, սակայն բրյուսելյան հանդիպումն այլ բան ցույց տվեց, ինչից ՔՊ-ում զայրացած են։ Այդուհանդերձ,  ՔՊ-ում խոսում են, որ կառավարությունը եւ նախեւառաջ բանակը, ռուսական ազդեցության գործիչներից, զինվորականներից «մաքրելու» պայման կա Արեւմուտքից, որը Փաշինյանը գուցե սկսի առաջիկա շաբաթներում իրականացնել:

Համենայնդեպս, երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարն արեւմտամետ «հուժկու» ռեֆորմներ է սկսել, որոնցից մեկը բանակի նոր կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունն է, որով «ուռա» բացականչությունը փոխարինում են «կեցցե» բառով, քանի որ ողջույնի «ուռա» ձեւը ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային բանակից ու ասոցացվում էր ռուսական բանակի հետ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բացի հրապարակված փաստաթղթերից ու հայտարարություններից, ձեռք են բերել նաև այլ՝ այսպես կոչված՝ «ներքին» պարտավորություններ։ Դեռ որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է պաշտոններից հեռացնել բոլոր այն անձանց, որոնք սերտ կապեր են ունեցել և ունեն Ռուսաստանի հետ։ Եվ ահա, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս թեմայի հետ կապված նոր զարգացումներ կան: Ի մասնավորի, խոստանալով առաջիկայում ավելի մեծ գումարներ՝ Եվրամիությունից նշել են, որ այդ գումարները և աջակցությունը կարող են տրամադրել միայն իրենց կողմից վստահելի մարդկանց։

Հատկապես ուժայինների պարագայում Եվրամիությունը զգալի մտահոգություններ ունի մի շարք պաշտոնյաների մասով, և Փաշինյանի առջև դրվել է նրանցից ազատվելու հարցը։ Ի մասնավորի, նշվել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի անունը։ Հիշեցրել են նաև նախկինում առկախված խոստումը` ներքին գործերի նախարարի փոփոխության մասով։

Ի դեպ, մեր աղբյուրը պնդում է, որ ՔՊ-ում մեծ մասը չափազանց դեմ է փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությանը, թեև վերջինս որոշակի կապեր ունի Եվրամիության կառույցների հետ: Մեր տեղեկություններով, հատկապես ՔՊ վարչությունում համոզմունք կա, որ այդ պաշտոնում պետք է քաղաքական դեմք նշանակվի, ընդ որում՝ ցանկալի է հենց ՔՊ վարչության անդամ, որն էլ կկարողանա ավելի լավ վերահսկել կարևորագույն ուժային կառույցը։ Ի դեպ, մեր զրուցակցի փոխանցմամբ, այս հարցում, կարծես, արդեն կոնսենսուս կա, բայց թե կոնկրետ ո՞ւմ կնշանակեն, դեռ չեն որոշել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից որոշեց Հայաստան տեղափոխվել եւ Գորիսում ձերբակալվեց:

Մենք հետաքրքրվեցինք այդ գործով, պարզվեց` գործով անցնող միակ մեղադրյալը Սարգիս Գալստյանն է, ուրիշ ոչ ոք գործով ներգրավված չէ։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ Ապրիլի 3-ին նա կալանավորվել է։ Գալստյանին Քննչական կոմիտեն մեղադրում է լրտեսություն կատարելու մեջ։ Ի՞նչ դիրքորոշում ունի Սարգիս Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված` հետաքրքրվեցինք նրա պաշտպանից։ «Այդ հարցի վերաբերյալ Սարգիս Գալստյանն ինձ որոշակի դիրքորոշում հայտնել է, բայց, հաշվի առնելով մեղադրանքի նրբությունը, այս փուլում ես նպատակահարմար չեմ գտնում դրա վերաբերյալ որոշակի տեղեկություններ բարձրաձայնել։ Ինձ թվում է՝ մարդիկ, հասարակությունն ըմբռնումով կմոտենան, ժամանակը կգա, ամբողջը կիմանան»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ չի կարող ասել՝ Գալստյանն ընդունո՞ւմ, թե՞ հերքում է մեղադրանքը։

Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթը ե՞րբ է հարուցվել՝ Գալստյանի՝ Հայաստան գալուց առա՞ջ, թե՞ հետո՝ նկատի ունենալով այն, որ եթե վարույթն ավելի վաղ է հարուցվել, ապա ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմինն արդեն որոշակի աշխատանք արած կլինի, մեղադրանքն ապացուցող փաստեր ու ապացույցներ հավաքած կլինի: Այսինքն՝ ենթադրյալ լրտեսության մասին իրենց հայտնի է դարձել, վարույթը հարուցել են եւ սպասել, որ Գալստյանը գա Հայաստան, ձերբակալեն։ Պաշտպանը, սակայն, մեզ ասաց, որ վարույթը հարուցվել է Սարգիս Գալստյանի՝ Հայաստան գալուց հետո, այսինքն՝ եթե նա Հայաստան չգար, ապա վարույթը հնարավոր է, որ երբեք էլ չհարուցվեր, մինչդեռ եթե լրտեսության մասին Հայաստանի իրավապահ մարմիններին ավելի վաղ էր հայտնի դարձել, կարող էին վարույթը հարուցել ու Գալստյանի նկատմամբ հետախուզում հայտարարել։

Պաշտպանը նաեւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ Սարգիս Գալստյանն իր կալանքը կրում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «ԱԱԾ մեկուսարան»։ Սարգիս Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել է Ռազմահայրենասիրության եւ կրթության նախարարությունում։ Սարգիս Գալստյանի մասին հանրությունն իմացավ, երբ լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե «Սարգիս Գալստյանն Ալիեւի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ», եւ որ Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ զբաղեցրած Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Իսկ Գալստյանին ճանաչողները պատմում են, որ նա Արցախի հայաթափումից հետո մնացել էր Արցախում զուտ այն հույսով, որ, մեկ է` շուտով արցախցիները վերադառնալու են Արցախ, եւ ճանաչողները նրան հայրենասեր մարդ են համարում։ Նշենք նաեւ, որ Գալստյանը միակ հայը չէ, որ մնացել էր Արցախում, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտարարել էր, որ Արցախում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում՝ չխզել կապը Արցախից դուրս գտնվող հարազատների հետ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է․ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը: Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։

Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Ուստի կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված դրանց բարձր գներով, երկաթուղային տրանսպորտով ուղղակի առաքման հնարավորության բացակայությամբ ու լոգիստիկ մեծ ծախսերով:

Ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։ Վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ։ Նշված գործընթացները չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկությունները ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները: Բացի դա, կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը (այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ)։

Կառավարության թիվ 2269-Ն որոշմամբ 6 ամիս ժամկետով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև դրանցից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը։ Ըստ նախարարության, արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են տեղական արտադրության ծավալները, մասնավորաբար՝ 2022-2024 թթ. կատարվել են ներդրումներ ոլորտում։ Ուստի, առաջարկվում է սահմանել սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2024 թ.-ի հուլիսի 30-ից մինչև 2025 թ.-ի հունվարի 30-ը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուրեմն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ մի երկու նոր քպականություն է արել: Մասնավորաբար, ասել է թե՝ ա) այո, Ադրբեջանը սահմանին կրակում է հայկական գյուղերի, բնակավայրերի, տների ուղղությամբ, բ) դրանք անկանոն, աննպատակ և անիմաստ կրակոցներ են, գ) դրանք չեն խանգարում «խաղաղության գործընթացին», դ) դա էսկալացիա չէ, էսկալացիայի վտանգ չկա, ե) «խաղաղության գործընթացին» խանգարում են երկրի ներսից, զ) բոլոր քաղաքական ուժերը հերթով գնում են Տավուշ…

Հա, քիչ էր մնում մոռանայինք: Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե իրենց իշխանությունը այնպիսի՜ պաշտպանական-ինժեներական դիրքեր է կառուցել (երևի ինքն է անձամբ նախագծել), որ, պատկերավոր ասած՝ «Մաներհեյմի գիծը» դրա մոտ մանկական խաղահրապարակ է: Իսկ այ, նախկիննե՜րը հազիվ «կանսերվի բանկա-բութուլկա» էին կախում…

Պետք է իսկապես կարկառուն քպական լինել՝ հայտարարելու համար, որ թշնամու կրակոցները անկանոն ու անիմաստ են, և որ դա… լարվածություն չէ, լարվածության վտանգ չէ, խաղաղության գործընթացի խոչընդոտ չէ: Իսկ գուցե ՔՊ խմբակցությունն ամբողջ կազմով, որպես «ժողովրդի ընտրյալներ», գնա ու մի կես ժամ կանգնի՞ ադրբեջանական «խաղաղաբեր», «ոչ էսկալացիոն», աննպատակ, անիմաստ կրակահերթերի տակ, մեր զինվորների կողքին: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ն այդպես խառնվել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Տավուշ են գնում: Թե չէ՝ իրենց պիտի հարցնեին, էլի, թե ուր գնան կամ չգնան: Իսկ գուցե անհանգստանո՞ւմ են, որ այդ այցերի արդյունքում առանց այդ էլ ամուր տավուշցիներն առավել կընդդիմանան գլխավոր քպականի հանձնողական քաղաքականությանն ու «վախ ծախելու» գործելաոճին…

Կամ գուցե «վատացել» են, թե ինչպես են Տավուշում և այլ մարզերում ընդունում իրենց շեֆին ու իրենց՝ նույնիսկ «սարքովի», կազմակերպած հանդիպումնրի ժամանակ, ինչպես՝ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՞ն: Թե՞ Անդրանիկ Քոչարյանին ու մյուս քպականներին թվում է՝ իրենք ինչ ուզեն՝ կարող են հանձնել, իսկ մյուս քաղաքական ուժերը դիտորդի դերում պիտի լինեն…

Հա, «ինժեներական պաշտպանական» կառույցների մասին: Նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայոց բանակի դիրքերն ու պաշտպանական բնագծերը անցնում էին բոլորովին այլ վայրերով ու սահմաններով: Ու շատ ավելի ամուր էին, պաշտպանված: Իսկ իրենց իշխանությունը ավելի քան 11 հազար քառակուսի կիլոմետր տվել է թշնամուն, դեռ մի բան էլ շարունակ մեր զորքերը հետ քաշելուց է խոսում: Այ քեզ՝ «բանկա», «բութուլկան» էլ՝ վրադիր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում