ՊՆ-ը կհոգա առողջական խնդիրների պատճառով ծառայությունից վաղաժամ ազատված երիտասարդի բուժման ծախսերը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Արուճ համայնքի բնակիչ, առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինծառայությունից վաղաժամ ազատված Մայիս Գեղամյանին: Նախարարը ծանոթացել է Մայիսի առողջական խնդիրներին և նշել, որ Պաշտպանության նախարարությունը կհոգա նրա բուժման ծախսերը: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրերս Արուճ համայնքի բնակիչ Մայիս Գեղամյանը ցուցակագրվել էր Պաշտպանության նախարարությունում քաղաքացիների հետ ամենամսյա հանդիպումների շրջանակներում նախարար Սեյրան Օհանյանի հետ տեսակցելու խնդրանքով: Ծառայության ընթացքում ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինծառայությունից վաղաժամ ազատված, իսկ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր անցնող Մայիսի խնդրանքն էր բուժման համար անհրաժեշտ օգնության տրամադրումը: ՊՆ համապատասխան մասնագետները արդեն բազմիցս հանդիպել էին նրան և մասնագիտական ուղղորդում տվել բուժման համար: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, որին անդրադարձել էր նաև «Հետք» կայքը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ին անձամբ այցելեց Մայիսին և ծանոթացավ նրա բուժման հետ կապված խնդիրներին:

Մայիս Գեղամյանի և նրա հարազատների հետ Արուճ համանքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ, հանդիսանալով պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու պատասխանատուն, նա չէր կարող չարձագանքել Մայիսի նամակին և օր իսկ հետաձգել հանդիպումը: Դա է պատճառը, որ «ռազմական բժիշկներից տեղեկանալով զինծառայության ընթացքում ծնկի վնասվածքին հաջորդած բարդացումների, դրանց հաջորդած ոտքի ամպուտացիայի և չարորակ ուռուցքի (օտրեոգեն սարկոմա) ախտորոշման մասին», նախարարը հեռաձայնել էր Մայիսի հարազատներին և պայմանավորվել հանդիպմա ն համար: Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը մանրամասնորեն ծանոթացավ խնդրի էությանը, հավաստեց, որ իր կողմից կարվի ամենայն հնարավորը լավագույն բուժումն ապահովելու առումով: Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ Պաշտպանության նախարարությունը կհոգա հետագա բուժման հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը: Մայիսի ծնողները շնորհակալություն հայտնեցին նախարարին, ինչպես նաև հոսպիտալի ռազմական բժիշկներին, ովքեր ճիշտ ժամանակին ախտորոշել են և ամեն ինչ արել օգնելու համար: Նրանց ուղղորդումից հետո է Մայիսի բուժումը կարգավորվել:

Մտերմիկ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը նկատեց, «որ պատերազմի տարիներին ծանր վնասվածք ստանալով` ինքն անձամբ առնչվել է նման բնույթի խնդրի հետ և չի հանձնվել»: Նախարարը շեշտեց, «որ որոշ դեպքերում նման անախորժություններն անգամ կարող են խթան հանդիսանալ սեփական կամքի ուժի ամրապնդման և ինքնակատարելագործման համար»: Սեյրան Օհանյանը հորդորեց նաև երբեք չհանձնվել, «չընկճվել և շարունակել պայքարել առողջության համար՝ երբեք չհրաժարվելով ապագա կարևոր ծրագրերից և երազանքներից»: Ինքն իր կողմից նախարարը խոստացավ անել ամենայն հնա րավորը երիտասարդի խնդիրներին օժանդակելու, զորավիգ լինելու համար»,-նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում