Իրաքյան բանակը ԻՊ-ից ազատագրել է Ֆադիլիա շրջանը

Իրաքյան բանակը և ոստիկանությունը ազգային կամավորական ջոկատների հետ միասին հոկտեմբերի 27-ին «Իսլամական պետությունից» ազատագրել են Բաբելոն քաղաքի հյուսիսում գտնվող Ֆադիլիա շրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ազատագրվել են 400 ընտանիքներ, բացի այդ, ձերբակալվել են կազմակերպության 70 անդամներ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իրաքի կառավարական ուժերը Ջաբալ Համրին շրջանում 4 գյուղեր են ազատագրել ԻՊ-ից: Կառավարական ուժերը նշված շրջանում դանդաղորեն են առաջ ընթանում, քանի որ ամենուրեք պայթուցիկ սարքավորումներ են տեղադրվել, բազմաթիվ տներ ականապատված են:

Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին Բաղդադի մերձակայքում ականապատ մեքենայի պայթյունից 27 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել: Պայթյունը որոտացել է Ջարֆ Սախր գյուղաքաղաքում, որը գտնվում է Բաղդադից 50 կմ հարավ: Նախօրեին այնտեղից վռնդել էին ԻՊ-ի անդամներին:

Արդեն մի քանի ամիս է՝ Իրաքում ծայրահեղ լարված իրավիճակ է տիրում «Իսլամական պետության» պատճառով: Խմբավորումը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել և այժմ կառավարական ուժերը պայքարում են դրանք ազատագրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում