ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատարը սպառնացել է խաթարել երկու ռազմավարական նեղուցների նավարկությունը

ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատարը սպառնացել է խաթարել երկու ռազմավարական նեղուցների նավարկությունը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Լիբանանում և Գազայի հատվածում կարող են հանգեցնել Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցներում «միևնույն տրանսպորտային իրավիճակի» ձևավորմանը։

Իրանական պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Քաանին նշել է, որ Իսրայելի գործողությունները, որոնք, ըստ նրա, իրականացվում են ԱՄՆ-ի «անամոթ աջակցության» պայմաններում, կուժեղացնեն «դիմադրության առանցքի» վճռականությունը՝ ընդլայնելու իր աջակցությունը տարբեր ճակատներում և ակտիվացնելու նոր ուղղություններ։

«Սիոնիստների չարիքը Լիբանանում և Գազայում, որն իրականացվում է Ամերիկայի բացահայտ աջակցության ստվերի ներքո, կուժեղացնի «դիմադրության առանցքի» վճռականությունը՝ ընդլայնելու աջակցությունը երկու ճակատներում, ակտիվացնելու այլ ուղղություններ և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում ստեղծելու այնպիսի իրավիճակ, ինչպիսին Հորմուզի նեղուցում է»,-հայտարարել է Քաանին։

Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցները համաշխարհային առևտրի և էներգակիրների մատակարարման կարևորագույն ռազմավարական ուղիներից են, և դրանցում լարվածության աճը կարող է էական ազդեցություն ունենալ միջազգային ծովային փոխադրումների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում