Եվրոպայում ձմռանը գազի և էլեկտրաէներգիայի գները կարող են աճել․ Bloomberg
Կարդացեք նաև
Եվրոպան առաջիկա ձմռանը կարող է բախվել բնական գազի և էլեկտրաէներգիայի գների աճին՝ ստորգետնյա գազապահեստարանների դանդաղ համալրման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակության տվյալներով՝ եվրոպացի թրեյդերները գարնանը հետաձգել էին գազի գնումները՝ ակնկալելով, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացումից հետո գները կնվազեն։ Սակայն ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով գազի գները կրկին աճել են, իսկ ասիական երկրները սկսել են ակտիվորեն ձեռք բերել շուկայում հասանելի հեղուկացված բնական գազի (LNG) խմբաքանակները։
Bloomberg-ի գնահատմամբ՝ Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կկարողանա անհրաժեշտ մակարդակով համալրել գազի պաշարները, սակայն դա կպահանջի ավելի մեծ ֆինանսական ծախսեր։ Արդյունքում կարող են աճել ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ արդյունաբերական ձեռնարկությունների էներգետիկ ծախսերը։
Հրատարակությունը նաև չի բացառում, որ եվրոպական երկրների կառավարությունները կարող են միջամտել գազի գնումների գործընթացին, ինչը կուժեղացնի մրցակցությունը համաշխարհային էներգետիկ շուկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում