Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությունը սպառնում է նավթային ճգնաժամով

Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությունը սպառնում է նավթային ճգնաժամով

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը կրկին սպառնում է վերածվել լայնամասշտաբ ռազմական բախման։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է անհապաղ վերադառնալ հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի պայմանների կատարմանը, եթե Վաշինգտոնն էլ հարգի իր պարտավորությունները։

Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը հարվածել էին Լարաք կղզուն, ինչին ի պատասխան Իրանը հրթիռակոծել էր Հորդանանում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է «հուժկու հարված հասցնել», թեև հավելել է, որ դա չի նշանակում վերադարձ լիարժեք պատերազմի։

Ռազմական գործողությունների վերսկսումն անմիջապես ազդել է համաշխարհային շուկայի վրա․ Brent տեսակի նավթի գինն աճել է 1,3%-ով։ Լարվածությունը մեծացել է նաև Հորմուզի նեղուցում, որտեղ անհայտ ծագման հարվածներից տուժել է սաուդյան նավթ տեղափոխող երկու գերտանկեր։

Միացյալ Նահանգները միաժամանակ ուժեղացնում է տնտեսական ճնշումը․ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը զգուշացրել է ամենշաբաթյա նոր պատժամիջոցների մասին՝ թիրախավորելով Իրանի հետ համագործակցող բանկերը։ Ի պատասխան՝ Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել է, որ երկիրն ունի բավարար արտարժույթային պահուստներ և պատրաստ է շուկա ներարկել մինչև 2 միլիարդ դոլար՝ ռիալի անկումը զսպելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում