Արցախի ինստիտուտների պահպանումն ու Հայաստանի մարտահրավերները․ Գագիկ Բաղունցի պարզաբանումները «Եռաբլուրում»
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության ընթացքում Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի հիմնախնդիրը միջազգային ու ներքին օրակարգում պահելու անհրաժեշտությանը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին և Արցախի պետական ինստիտուտների գործունեությանը։
Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ Բաղունցն ընդգծել է, որ Արցախի հարցն ունի ոչ միայն քաղաքական, այլև իրավական, հումանիտար ու սոցիալ-տնտեսական բաղադրիչներ, և իրենք փորձում են աշխատել բոլոր այդ ուղղություններով։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն կայանում Արցախի նախագահի կամ ԱԺ նախագահի ընտրությունները, նա հերքել է պատգամավորների չհավաքվելու մասին լուրերը՝ նշելով, որ ընթանում են լուրջ քննարկումներ։ Նրա փոխանցմամբ՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող մթնոլորտը, առկա սպառնալիքներն ու Արցախի կորստի իրողությունը՝ իրենք ժամանակավորապես սառեցրել են այդ հարցը, որպեսզի իրենց քայլերով հանկարծ չվնասեն Հայաստանի Հանրապետությանը։
ՀՀ իշխանությունների կողմից Արցախի ինստիտուտների պահպանմանն ու ընտրությունների կազմակերպմանը խոչընդոտելու և հնարավոր ճնշումների մասին հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահի պաշտոնակատարը նկատել է, որ տարբեր հարթակներում հնչող ելույթներն ու հայտարարություններն արդեն իսկ տալիս են այդ հարցի պատասխանը, և հավելել, որ իրենք պատրաստ են նման ճնշումների։
Հիշեցնենք, որ «Եռաբլուրում» Արցախի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Արցախի կանչը» հուշակոթողին, որը բացվել էր մեկ տարի առաջ՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջոցներով։ Հուշահամալիրը նվիրված է Արցախյան պատերազմների նահատակներին, Արցախում հանգչող հայրենակիցներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում