«Դեմ չենք լինի»․ Փաշինյանը խոսել է Հայաստանից 102-րդ բազան հանելու հնարավորության մասին

«Դեմ չենք լինի»․ Փաշինյանը խոսել է Հայաստանից 102-րդ բազան հանելու հնարավորության մասին

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն չէ, և եթե Մոսկվան որոշի հեռանալ, Երևանը դեմ չի լինի։ Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ընթացքում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ռազմական ներկայության հարցը պաշտոնական մակարդակով երբևէ օրակարգում չի եղել․ «Նման քննարկում չի եղել և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել… եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»։

Այս արձագանքը հաջորդել է Վլադիմիր Պուտինի՝ Բիշքեկում արված հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե Ռուսաստանը որևէ մեկին ոչինչ չի պարտադրում, և եթե Երևանը գտնում է, որ ռազմաբազայի կարիքը չկա, ռուսական կողմը պատրաստ է դուրս գալ «հենց վաղը»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր վիճակի մասին՝ Փաշինյանը տեղեկացրել է Մոսկվա սպասվող աշխատանքային այցի մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել երկկողմ կապերի համապարփակ գույքագրում՝ հստակեցնելու համար, թե գործնականում որ ոլորտներում են երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ տարբերվում։

Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին՝ նա հայտնել է, որ սեպտեմբերին սպասվում է «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան։ Փաշինյանը շեշտել է, որ նախագծի ընտրության հարցում հայկական կողմը առաջնորդվում է բացառապես տնտեսական արդյունավետությամբ ու «գին-որակ» լավագույն հարաբերակցությամբ, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նկատառումներով։

Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է միջպետական պայմանագրերի հիման վրա, որոնք նախատեսված են հանրապետության արտաքին անվտանգային սպառնալիքները զսպելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում