«Այս օրերն էլ կորսված չեմ համարում»․ Գագիկ Ծառուկյանը դիմել է հանրությանը

«Այս օրերն էլ կորսված չեմ համարում»․ Գագիկ Ծառուկյանը դիմել է հանրությանը

«Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտարարությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին դատարանի որոշմանը։

Նա ներկայացրել է իր հայտարարությունը․

«Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։

Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։

Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։

Իհարկե կանցնի։

Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել, կկարողանամ նոր գաղափարներ կյանքի կոչել, երբ նորից կկարողանամ պատասխանել օգնության դիմումներին, երբ կկարողանամ ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարվողի մասին։ Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար։

Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղոթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացվում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում