Հայաստանը՝ Արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն. NVIDIA-ի փոխնախագահ
Կարդացեք նաև
NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի գնահատմամբ՝ Հայաստանն ու Ղազախստանը մեծ ներուժ ունեն վերածվելու Արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոնների՝ համատեղելով մասնագիտական ներուժը, հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիական բիզնեսը։
Աստանայում անցկացված «Արհեստական բանականություն և թվային կամուրջ» համաժողովից հետո Լեբարեդյանը ընդգծել է, որ նման կենտրոնների ձևավորման համար անհրաժեշտ է երեք հիմնական բաղադրիչ՝ համապատասխան հաշվողական ենթակառուցվածք, այն արդյունավետ օգտագործող մասնագետներ և ձեռնարկատերեր։
«Միավորեք այս երեք բաղադրիչները, և փոքր թիմերը կարող են ստեղծել արտադրանք ամբողջ աշխարհի համար»,– նշել է NVIDIA-ի փոխնախագահը։
Որպես նման համագործակցության հաջողված օրինակներ՝ նա առանձնացրել է Higgsfield AI և Firebird AI ընկերությունները։ Լեբարեդյանի խոսքով՝ Firebird AI-ը, Kazakhtelecom-ը և Data Center Valley Kazakhstan-ը զարգացնում են հաշվողական ենթակառուցվածք, որը կարող է նպաստել նոր գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը։
Այցի շրջանակում Լեբարեդյանը հանդիպել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Քննարկման առանցքում եղել է Էկիբաստուզում իրականացվող Data Center Valley նախագիծը, որի նախատեսվող հզորությունը շուրջ 300 ՄՎտ է՝ հետագայում մինչև 1 ԳՎտ ընդլայնվելու հնարավորությամբ։ Տոկաևը կարևորել է NVIDIA-ի և Firebird-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Լեբարեդյանը հայտնել է, որ NVIDIA-ն նախատեսում է մասնակցել նախագծի հաջորդ փուլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում