Թրամփը սպառնում է շատ ուժեղ հարվածել Իրանին Flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառով
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին շատ ուժեղ հարված կհասցվի, եթե պարզվի, որ Թեհրանը կապ ունի Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ավիաընկերության ինքնաթիռի օդաչուի հարձակման հետ։
Նախօրեին ինքնաթիռում դրամատիկ իրադարձություններ էին ծավալվել. երկրորդ օդաչուն հարձակվել էր օդանավի հրամանատարի վրա, ինչի հետևանքով պայքար էր սկսվել օդանավի կառավարման համար։ Ուղևորների օգնությամբ հաջողվել էր կանխել ինքնաթիռի կործանումը, և այն արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ուղևորները տեղափոխվել էին Իսրայել, որտեղ նրանց դիմավորել էին որպես հերոսների։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է Միացյալ Արաբական Էմիրություններում սկսված հետաքննության և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարության ֆոնին, թե կասկածյալը իսլամիստական ռադիկալ մշակման է ենթարկվել։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Իրանը կապ ունի տեղի ունեցածի հետ, Թրամփը նշել է. «Այն ամենից, ինչ ինձ զեկուցում են, պատասխանը դրական է, բայց մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե նրա պատասխանատվությունը հաստատվի, Թրամփը պատասխանել է. «Օ՛, նրանց շատ ուժեղ հարված կհասցվի, չկասկածեք»։
Սպառնալիքներին զուգահեռ տարածաշրջանում ավելանում է ամերիկյան ռազմական ներկայությունը։ Axios պարբերականի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Patriot հակահրթիռային համակարգերի լրացուցիչ մարտկոցներ է տեղակայել Սաուդյան Արաբիայում և Կատարում։ Բացի այդ, USS Theodore Roosevelt ավիակիրն ու նրա հարվածային խումբն ուղևորվում են Մերձավոր Արևելք, որտեղ կարող են միանալ արդեն իսկ այնտեղ գտնվող ամերիկյան երկու ավիակիր խմբերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում