Անժամկետ բռնապետություն. Ալիևը չեղարկել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնավարման ժամկետները

Անժամկետ բռնապետություն. Ալիևը չեղարկել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնավարման ժամկետները

Ադրբեջանում ընթացող քաղաքական գործընթացները հերթական անգամ ընդգծում են երկրում ավտորիտար համակարգի վերջնական ամրապնդումը։ Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կանոնադրության մեջ կատարվել է փոփոխություն, որով չեղարկվել է կուսակցության նախագահի պաշտոնավարման 5-ամյա ժամկետի սահմանափակումը։ Այս քայլով ազգությամբ ուզբեկ Իլհամ Ալիևի ղեկավարումն իշխող քաղաքական ուժում դառնում է անժամկետ։

Հոկտեմբերի 2-ին կայացած կուսակցության VIII համագումարում այս որոշումը ներկայացրել է Վերստուգիչ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Նիզամի Սաֆարովը։ Նա հայտնել է, որ նախկինում գործող դրույթը, ըստ որի կուսակցության ղեկավարն ընտրվում էր 5 տարի ժամկետով՝ վերընտրվելու իրավունքով, ամբողջությամբ հանվել է։ Որոշումն ուղեկցվել է Բաքվի վարչակարգին բնորոշ հպատակողական հայտարարություններով, թե իբր «Ալիևի անժամկետ ղեկավարումը կուսակցությանը կտանի նոր հաջողությունների»։

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է դեռևս 2005 թվականից։ Նա իր քաղաքական կարիերան կուսակցությունում սկսել էր 1999 թվականին որպես փոխնախագահ, իսկ 2001-ին դարձել առաջին փոխնախագահ։ 2003 թվականին հորից՝ Հեյդար Ալիևից իշխանությունը ժառանգելուց հետո, 2005-ի III համագումարում նա ստանձնեց նաև կուսակցության ղեկավարի պաշտոնը, որից հետո IV, V, VI և VII համագումարներում անընդմեջ «վերընտրվում էր»։

Կանոնադրական այս փոփոխությունը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանում իշխանության հավերժացման և միանձնյա ղեկավարման քաղաքական գիծը ստանում է նաև «իրավական» ձևակերպումներ՝ վերջնականապես վերացնելով ժողովրդավարական ցանկացած ինստիտուտի ձևական առկայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում