Արգենտինացի օրենսդիրները Մայր Աթոռում հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. քննարկվել են երկկողմ կապերի ընդլայնման հարցեր

Արգենտինացի օրենսդիրները Մայր Աթոռում հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. քննարկվել են երկկողմ կապերի ընդլայնման հարցեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ։

Diario Armenia պարբերականի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ և արգենտինացի ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման, ինչպես նաև մշակութային ու հասարակական ոլորտներում երկկողմ փոխճանաչողության խորացման հեռանկարները։

Ճանաչողական այցի շրջանակում արգենտինացի օրենսդիրներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։ Հուշահամալիրում պատվիրակությանը ուղեկցել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը։

Արգենտինայի խորհրդարանականների այցը Հայաստան կազմակերպվել է «Ռիո դե լա Պլատայի համալսարանական հիմնադրամի» (FURP) նախաձեռնած ծրագրի շրջանակում, որն ուղղված է միջազգային կապերի զարգացմանն ու միջխորհրդարանական երկխոսության խթանմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում