Բնակարանային ճգնաժամ Իսպանիայում. հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Բնակարանային ճգնաժամ Իսպանիայում. հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Իսպանիայի խոշոր քաղաքներում բնակարանային ճգնաժամը վերածվել է զանգվածային անկարգությունների ու քաղաքական լուրջ ցնցումների: Անշարժ գույքի վարձավճարների աննախադեպ թանկացումն ու բնակիչների պարբերական վտարումները փողոց են հանել հարյուր հազարավոր քաղաքացիների Մադրիդում, Վալենսիայում, Բարսելոնայում, Սան Սեբաստիանում, Կադիսում և այլ բնակավայրերում:

Մայրաքաղաք Մադրիդում երթի մասնակիցները չորս տարբեր ուղղություններից շարժվել են դեպի Սիբելես հրապարակ՝ միանալով Պուերտա դել Սոլում արդեն մեկ շաբաթ վրանային ճամբար խփած ակտիվիստներին: Պաշտոնական տվյալներով՝ ցույցին մասնակցել է 70 հազար մարդ, սակայն կազմակերպիչները հայտարարում են կես միլիոն մասնակցի մասին: Վարձակալների միության առաջնորդությամբ փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են 50 տոկոսով իջեցնել վարձավճարները, կնքել անժամկետ պայմանագրեր և բռնագրավել խոշոր ֆոնդերին պատկանող բնակարանները: Ցուցարարները նախապատրաստվում են համազգային գործադուլի, ինչին ի պատասխան գործատուների միությունը սպառնացել է իրավական քայլերով՝ նման ակցիան որակելով անօրինական:

Վալենսիայում բողոքի ակցիան վերաճել է բախումների. ցուցարարները շեղվել են երթուղուց և շարժվել դեպի այն շենքը, որտեղ ընթանում էր անշարժ գույքի ներդրումային ֆորումը: Ոստիկանական շղթան ճեղքելու փորձերից հետո իրավապահները կիրառել են ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ: Անժամկետ վրանային ճամբարներ են բացվել նաև Բարսելոնայում:

Սոցիալական ընդվզումին զուգահեռ երկրում խորանում է կառավարական ճգնաժամը: Խորհրդարանը տապալել է կառավարության ներկայացրած բնակարանային օրենսդրական նախագծերը, ինչից հետո վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է «մտորումների փուլ»՝ չբացառելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:

Զանգվածային դժգոհության վերջին կաթիլը դարձել էր 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի աղմկահարույց վտարումն իր տնից, որտեղ նա ապրում էր ավելի քան 70 տարի: Վարձավճարի կտրուկ աճից հետո տարեց կնոջը տնից դուրս էին բերել պատգարակով: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, իսկ նրա պատմությունը դարձել է Իսպանիայում բնակարանային իրավունքների համար պայքարի խորհրդանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում