G7-ն ու IEA-ն շուրջ 100 միլիոն բարել նավթ կհանեն շուկա՝ էներգետիկ ճգնաժամը մեղմելու համար
Կարդացեք նաև
Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները համաձայնության են եկել շուկա հանել 100 միլիոն բարել դիզելային վառելիք և հում նավթ։ Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից եվրոպացի գործընկերների վրա գործադրված ճնշման ֆոնին, քանի որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ստեղծել էներգակիրների համաշխարհային մատակարարումների համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ G7-ի առաջնորդները, համագործակցելով Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) հետ, պայմանավորվել են անհապաղ օգտագործել ռազմավարական պահուստները։ Այս քայլը նպատակ ունի զսպելու դիզելային վառելիքի և նավթի գների կտրուկ աճը, որն ազդել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա։
IEA-ն հայտնել է, որ անդամ երկրներն արդեն իսկ շուկա են հանել 325 միլիոն բարել նավթ և նավթամթերք՝ դեռևս մարտին խոստացված 400 միլիոն բարելի շրջանակում։ Առայժմ հստակեցված չէ՝ արդյոք նոր հայտարարված 100 միլիոն բարելը մարտյան պարտավորությունների մնացորդի մաս է, թե լրացուցիչ ծավալ։
Վառելիքի շուկայում առաջացած սուր դեֆիցիտը հետևանք է Դոնալդ Թրամփի վարչակազմի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների, ինչին ի պատասխան Թեհրանը սահմանափակել է նավարկությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով։ Իրավիճակն ավելի է բարդացել ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական հարվածների պատճառով, որոնք հասցվել են ի պատասխան Մոսկվայի հարձակումների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում