Վարդան Ղուկասյանն արդարացվեց. դատավոր Վահե Ջիվանյանի որոշումը

Վարդան Ղուկասյանն արդարացվեց. դատավոր Վահե Ջիվանյանի որոշումը

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրված խուլիգանության մեղադրանքը չհաստատվեց։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի կայացրած դատավճռով Ղուկասյանն արդարացվել է։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Վարույթը սկիզբ էր առել 2025 թվականին։ Դատական նիստերից մեկի ավարտին Վարդան Ղուկասյանն ու նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կոշտ հակադարձել էին իրենց կաշառք ստանալու մեջ մեղադրող դատախազներին։ Դրանից հետո իրավապահ մարմինները նրանց մեղադրանք էին առաջադրել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խմբակային խուլիգանություն կատարելու հոդվածով։

Գործի քննության արդյունքում դատարանը հանցակազմի բացակայության հիմքով անմեղ ճանաչեց Գյումրու նախկին քաղաքապետին։ Ինչ վերաբերում է Սպարտակ Ղուկասյանին, ապա փաստաբանի փոխանցմամբ՝ նրան մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Սույն գործի շրջանակում արդարացման դատավճիռ է կայացվել միայն Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում