«Ձեռդ իջացրու, դու ստախոս ես»․ քաղաքական բախում և լարված վեճ Աջափնյակի Շինարարների փողոցում
Կարդացեք նաև
Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում գիշերային ապամոնտաժման շուրջ իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան լարված։ Դեպքի վայրում բռնկվել են թեժ վեճեր ու քաղաքական փոխադարձ մեղադրանքներ, երբ տարածք են ժամանել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լևոն Լևոնյանը և հանրային-քաղաքական գործիչ Մեսրոպ Մանուկյանը։
Մեսրոպ Մանուկյանը ներկայացրել է, որ ահազանգով է շտապել Շինարարների փողոց, քանի որ քաղաքացիներից մեկը տեղեկացրել է, որ ունի սեփականության վավերական վկայական, սակայն իշխանությունները, տարածքը հանրային գերակա շահ ճանաչելով, իրականացնում են ապամոնտաժում՝ առանց որևէ փոխհատուցման։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Լևոն Լևոնյանը, պնդելով, որ ինքը նույն թաղամասի բնակիչ է, հայտարարել է, թե իրականում վերականգնվում է հանրային շահը։ Պատգամավորի խոսքով՝ կանաչապատ գոտին որևէ մեկը չի կարող սեփականաշնորհել, իսկ կրպակների պատճառով հետիոտնի համար անցնելի տարածք չի մնացել։
Կրքերն ավելի են բորբոքվել, երբ Մանուկյանը պահանջել է ցույց տալ շինությունների ապօրինի լինելը հաստատող պաշտոնական փաստաթուղթը։ Խոսակցությանը միջամտել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ Մանուկյանին մեղադրելով անձնական շահեր պաշտպանելու մեջ։ Իրավիճակը վերածվել է քաշքշուկի ու լեզվակռվի, երբ Մանուկյանը թաղապետին հորդորել է ձեռքն իջացնել, նրան անվանել ստախոս և խորհուրդ տվել նման տոնով խոսել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում