Գիշերային ապամոնտաժում Աջափնյակում․ քաղաքապետարանի տեխնիկան, ոստիկանական ուժերն ու բնակիչների ընդվզումը
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանը ուշ երեկոյան հատուկ տեխնիկա և ոստիկանական զգալի ուժեր է կենտրոնացրել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում՝ տարածքում գործող կրպակների ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Գործողությունը, սակայն, բախվել է տեղի բնակիչների և առևտրականների կոշտ դիմադրությանը․ կրպակների սեփականատերերը, նրանց հարազատներն ու հարևանները փորձել են փակել տեխնիկայի ճանապարհը՝ պնդելով, որ իրականացվող գործողություններն ապօրինի են։
Տեղում հավաքված քաղաքացիները լրագրողներին են ներկայացրել իրենց ձեռքի տակ եղած պաշտոնական փաստաթղթերը։ Ծաղկի կրպակի սեփականատիրոջ փոխանցմամբ՝ ընդամենը երեք ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի ստորագրությամբ ստացել է որոշում, որով հողի վարձակալության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականը։ Քաղաքացին ընդգծել է, որ վարձավճարն ամբողջությամբ մուծված է մինչև տարեվերջ, պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ շինությունը հանդիսանում է իր մասնավոր սեփականությունը։
Սեփականատերերի համոզմամբ՝ քաղաքապետարանն ապամոնտաժումը հատուկ կազմակերպել է ուշ գիշերով, որպեսզի գործընթացն ավարտին հասցնի մինչև առավոտ, քանի որ դատարանը պատրաստվում էր հայցի ապահովման որոշում կայացնել։ Բնակիչների պնդմամբ՝ վարչական շրջանի ղեկավարն իրենց ուղղակիորեն զգուշացրել է, որ «ոչ վկայականն է փրկելու, ոչ էլ դատարանի որոշումը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում