Օդաչուի ահազանգը ոտքի է հանել անվտանգության ուժերին․ Air India-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
Կարդացեք նաև
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից դեպի Նյու Դելի ուղևորվող Air India ավիաընկերության AI-2030 չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Ջայպուր քաղաքի միջազգային օդանավակայանում։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օդաչուն ակտիվացրել է Squawk 7500 ազդանշանային կոդը, որն ավիացիոն ոլորտում միջազգայնորեն ճանաչված ծածկագիր է և կիրառվում է օդային հոսքերի կառավարման կենտրոնին ինքնաթիռի հնարավոր առևանգման կամ ապօրինի միջամտության մասին գաղտնի զգուշացնելու համար։
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) արդեն իսկ հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ Ահմեդաբադի օդային հոսքերի կառավարման կենտրոնը (ATC) առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում մի քանի վայրկյանով ստացել է արտակարգ իրավիճակի մասին ազդանշանը։ Ստացված տագնապից անմիջապես հետո անվտանգության ծառայություններն անցել են բարձր պատրաստվածության, իսկ Դելիի օդանավակայանի արտակարգ իրավիճակների կենտրոնը որոշում է կայացրել կանխարգելիչ նկատառումներով ինքնաթիռն ուղղորդել դեպի Ջայպուր։ On-board գտնվող օդանավը անվտանգ վայրէջք է կատարել ժամը 9:35-ին և անմիջապես տեղափոխվել հատուկ մեկուսացված կայանատեղի՝ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու նպատակով։
Օդանավակայանը ղեկավարող Adani Airport management-ի հայտարարության համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն անվտանգ են, նրանց տարհանումն ընթանում է սահմանված ընթացակարգերով։ Իրավապահ մարմինները, Հակաահաբեկչական ջոկատն (ATS) ու անվտանգության մյուս ծառայությունները շարունակում են մանրակրկիտ ստուգել օդանավն ու ուղևորների ուղեբեռը՝ պարզելու Squawk 7500 կոդի ակտիվացման իրական պատճառները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում