Արարատ Միրզոյան․ Ադրբեջանը ՀՀ տարածքով կկապվի Նախիջևանի հետ, Հայաստանը՝ հյուսիսի ու հարավի
Կարդացեք նաև
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկումը։ Հարցով հիմնական զեկուցող, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է փաստաթղթի առանցքային դրույթներն ու սպասվող տնտեսական հնարավորությունները։
Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում ապաշրջափակվող, վերագործարկվող և զրոյից կառուցվող հաղորդակցությունները կենսական հանգույց են դառնալու արևելք-արևմուտք ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով ու ենթակառուցվածքներով կապվել Նախիջևանի և երրորդ երկրների հետ, իսկ Հայաստանը փոխադարձաբար կկարողանա Ադրբեջանի տարածքով կապվել հյուսիսի և հարավի հետ՝ լուծելով մատակարարումների, սպառման ու ներմուծման հարցերը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ տնտեսական փոխկապակցվածությունն էապես ազդում է քաղաքական կայունության և խաղաղության ամրապնդման վրա․ առաջին շերտը տնտեսական օգուտներն են, երկրորդը՝ խաղաղության ամրապնդումը։
Արարատ Միրզոյանը հատուկ մատնանշել է, որ ԱՄՆ-ն ունենալու է իր էական մասնակցությունն ու տնտեսական շահերը, սակայն Հայաստանի պետական շահերն ու ինքնիշխանությունը լիովին պաշտպանված են։
Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․
«Այս փաստաթղթում ինքնիշխանություն բառն օգտագործվում է 8 անգամ հետևյալ համատեքստում՝ «հաստատվում է ՀՀ ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։
Իրավազորությունը՝ ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում, ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։
Անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն քաղաքականություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկողություն՝ այս բոլորի նկատմամբ ՀՀ-ն պահպանում է իր լիակատար ինքնշխանությունն ու իրավազորությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում