ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 առաքելություն
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ ընդհանուր առմամբ 437 դիտորդով։
ԿԸՀ փոխանցմամբ՝ հավատարմագրված կազմակերպությունների թվում են «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը, «Բնակավայրերի համաչափ զարգացում» հասարակական կազմակերպությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը։
Ընտրական գործընթացին կհետևեն նաև «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ), «Ականատես» դիտորդական առաքելությունը («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ), ինչպես նաև «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։
Բացի այդ, ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 28 զանգվածային լրատվության միջոցի 222 ներկայացուցիչ։ Միաժամանակ, Հայաստանում հավատարմագրված 7 դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով իրականացնելու են ընտրական գործընթացի դիտարկում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում