Սոցիալական բողոքի ալիք Եվրոպայում․ զանգվածային ցույցեր, բախումներ և ձերբակալություններ

Սոցիալական բողոքի ալիք Եվրոպայում․ զանգվածային ցույցեր, բախումներ և ձերբակալություններ

Եվրոպական մի շարք մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում իրավապահ մարմիններն անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել՝ փողոցներ դուրս բերելով ոստիկանական զանգվածային ուժեր և անգամ բանակային ստորաբաժանումներ։ Նախորդ ակցիաների ընթացքում արձանագրված բռնությունների ալիքից հետո իշխանությունները փորձում են վերահսկողության տակ պահել իրավիճակը, սակայն սոցիալական դժգոհության ալիքը շարունակում է ընդլայնվել։  

Բողոքի զանգվածային ելույթներ են ընթանում Միլանից ու Մադրիդից մինչև Լիսաբոն և Տիրանա։ Քաղաքացիները փողոց են դուրս գալիս տարբեր պահանջներով՝ բարձրացնելով կենսաթոշակների, բնակարանային ապահովման, կրթության ոլորտի ֆինանսավորման, կոռուպցիայի դեմ պայքարի և ռազմական գործողությունների դադարեցման հարցերը, ինչն արտացոլում է ամբողջ մայրցամաքում առկա լայնամասշտաբ դժգոհությունը։

Չնայած ձեռնարկված խիստ միջոցառումներին, արգելքներին և ոստիկանության ուժեղացված ներկայությանը, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցույցերը վերածվել են բռնի բախումների։ Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, իսկ անվտանգության ուժերի մոտ մեկ հազար աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Միայն Փարիզում վիրավորվել է ավելի քան 100 ցուցարար և տեղի բնակիչ։

Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Ալբանիայում, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության, ուսանողների, մշակույթի գործիչների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև։ Մայրաքաղաք Տիրանայում հազարավոր մարդիկ մասնակցել են հակակառավարական հերթական ակցիային, ինչից հետո ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Հոկտեմբերի կեսերից վերսկսված բախումների ընթացքում թիրախավորվել են պետական հիմնարկների շենքեր, ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, իսկ վիրավորների թիվը, ներառյալ ոստիկաններին, գերազանցում է 300-ը։

Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Միլանում, Հռոմում, Թուրինում, Նեապոլում, Բոլոնիայում և Ֆլորենցիայում, ցուցարարները շշերով, քարերով ու հրավառելիքով հարվածել են իրավապահներին։ Իտալիայի ոստիկանության պաշտոնական հայտարարության համաձայն՝ ութ քաղաքներում անցկացված ակցիաների ընթացքում իրականացվել է 9 կալանավորում, իսկ 371 մարդ ժամանակավորապես բերման է ենթարկվել, որոնցից 110-ը անչափահասներ են։

Զուգահեռաբար, Իսպանիայում և Պորտուգալիայում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանություն և հասանելի բնակարանային պայմաններ։ Մադրիդում ցուցարարների հիմնական պահանջներից են կենսաթոշակների ինդեքսավորումը փաստացի գնաճին, նվազագույն կենսաթոշակի հավասարեցումը նվազագույն աշխատավարձին, գենդերային ճեղքվածքի կրճատումն ու պետական կենսաթոշակային համակարգի պաշտպանությունը մասնավորեցումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում