Թեժ քննարկում ԱԺ-ում․ Ընտանեկան բռնության մասին նախագծի շուրջ ընդդիմադիր պատգամավորի հարցերը վեճի պատճառ են դարձել

Թեժ քննարկում ԱԺ-ում․ Ընտանեկան բռնության մասին նախագծի շուրջ ընդդիմադիր պատգամավորի հարցերը վեճի պատճառ են դարձել

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում տեղի է ունեցել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկումը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն է բարձրացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։  

Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է հանել նախազգուշացման կետը, քանի որ այն արդյունավետ չէ, և դրա փոխարեն ներդնել կանխարգելիչ հաշվառման համակարգ։ Բացի այդ, ոստիկանության աշխատակիցը հանցագործության հատկանիշների հայտնաբերումից հետո 12 ժամվա ընթացքում պարտավորվելու է հաղորդում ներկայացնել քննչական մարմին։ Ռեաբիլիտացիոն ծրագրերն այսուհետ պարտադիր կդառնան ոչ միայն պաշտպանական կողմի, այլև անհետաձգելի որոշումների կայացման պարագայում, իսկ անձին աջակցող միջոցներից կամ օժանդակ հարմարանքներից զրկելը, դրանք վնասելը կամ ոչնչացնելը կորակվեն որպես ֆիզիկական բռնություն։

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը նշել է, որ օրինագիծը ներկայացվել է հապճեպ, և շատերը չեն հասցրել բովանդակային ծանոթանալ դրան։ Բաթոյանն առարկել է՝ պնդելով, որ նախագիծը շրջանառվել է երկու ամիս, որին գումարվել է նաև հետաձգված լրացուցիչ 3 ամիսը։ Քննարկումն անցել է լարված մթնոլորտում․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կասկածի տակ է դրել Բաթոյանի հեղինակությունը՝ պնդելով, թե նախագծի իրական հեղինակը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։ Այս հայտարարությանը միջամտել են ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ու հանձնաժողովի նախագահը, իսկ Բաթոյանը հայտարարել է, որ տարիներ շարունակ զբաղվել է ոլորտի խնդիրներով և նախագիծը մշակվել է Կառավարության հետ սերտ համագործակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում