Ռոբերտ Աբիսողոմոնյանն ազդարարել է COP17-ի ՀՀ նախագահության կենսաբազմազանության նոր նախաձեռնության մեկնարկը

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ազդարարել է COP17-ի ՀՀ նախագահության կենսաբազմազանության նոր նախաձեռնության մեկնարկը

Երևանում՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, տեղի է ունեցել բարձր մակարդակի միջոցառում, որով ազդարարվել է COP17-ի ՀՀ նախագահության հիմնարար նախաձեռնության մեկնարկը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով է հանդես եկել «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ․ 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնություն և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավեր» խորագրով քննարկմանը։  

Նախաձեռնությունը մշակվել է ՀՀ նախագահության կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ համագործակցությամբ։ Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման անհրաժեշտությունը՝ շեշտելով վնասակար սուբսիդիաների վերացումն ու բնապահպանական դրական խթանների ընդլայնումը։ Նա նշել է, որ արդյունավետության համար պահանջվում է տնտեսական քաղաքականությունների և պետական ֆինանսական հոսքերի համապատասխանեցում կենսաբազմազանության պահպանման նպատակներին։  

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է նախաձեռնության երեք բաղադրիչները՝ «Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Երևանյան մարտահրավերը», որոնք կոչված են քաղաքական հանձնառությունները վերածելու գործնական բարեփոխումների։ Աբիսողոմոնյանը նաև ողջունել է Կոլումբիայի և Ֆինլանդիայի ներգրավվածությունը՝ որպես 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնության առաջին համանախագահների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում