30 տարի անց․ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կանխատեսում է 40-անդամանոց ԵՄ, իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին

30 տարի անց․ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կանխատեսում է 40-անդամանոց ԵՄ, իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ առաջիկա երեք տասնամյակների ընթացքում Եվրամիության անդամ երկրների թիվը ներկայիս 27-ից կարող է հասնել 40-ի։ Նրա գնահատմամբ՝ կառույցի կազմն ու ճարտարապետությունը կդառնան ավելի բազմազան, իսկ միասնական արժույթի՝ եվրոյի գործածումը պարտադիր չի լինի բոլոր նոր անդամների համար։ Ընդլայնման առաջնահերթ աշխարհագրության շարքում Ստուբն առանձնացրել է Բալկանյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև ԵՄ-ից դուրս գտնվող եվրոպական մի շարք պետություններ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարները, ըստ նրա, ուղղակիորեն կախված կլինեն այդ երկրների արձանագրած հետագա զարգացումից ու առաջընթացից։  

Այնուամենայնիվ, Վրաստանի և Թուրքիայի անցած ճանապարհը վկայում է, որ եվրաինտեգրումը Հայաստանի և մյուս թեկնածուների համար կարող է ձգձգվել տասնամյակներով և չերաշխավորել վերջնական անդամակցություն։ Թուրքիան դեռևս 1987 թվականին է ներկայացրել հայտ, սակայն թեկնածուի կարգավիճակ է ստացել 12 տարի անց՝ 1999-ին, իսկ բանակցությունները մեկնարկել են միայն 2005 թվականին։ Անցած 39 տարիների ընթացքում նույնիսկ ՆԱՏՕ-ում ունեցած առանցքային դերն ու զինված ուժերի հզորությունը Թուրքիային չեն մոտեցրել ԵՄ լիիրավ անդամությանը։ Նմանատիպ բարդությունների է բախվել նաև Վրաստանը, որը 2006 թվականին որդեգրած եվրոպական ուղեգծից և 2023-ին թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո հայտնվեց գործընթացի փաստացի սառեցման առջև։ 2024 թվականին «Վրացական երազանքի» իշխանությունը հայտարարեց բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու մասին, ինչին ի պատասխան՝ 2026 թվականի մարտին Բրյուսելը կասեցրեց առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում