Ուր են գնում ադրբեջանական նավթի լրացուցիչ եկամուտները․ JAMnews-ի վերլուծությունը

Ուր են գնում ադրբեջանական նավթի լրացուցիչ եկամուտները․ JAMnews-ի վերլուծությունը

Ադրբեջանական նավթի համաշխարհային գները հոկտեմբերին հասել են մեկ բարելի դիմաց 120-130 դոլարի, սակայն երկրի պետական բյուջեն շարունակում է ձևավորվել մեկ բարելի դիմաց ընդամենը 65 դոլար կանխատեսային գնով։ «JAMnews»-ի փոխանցմամբ՝ նման ցածր ցուցանիշ է դրված նաև 2027 թվականի բյուջետային նախագծում, չնայած նրան, որ Ֆինանսների նախարարությունն ինքը նման գինը համարում է ամենաանբարենպաստ սցենարներից մեկը։ Ակնկալվող լրացուցիչ նավթային եկամուտները պետական բյուջեի փոխարեն ուղղվում են Պետական նավթային հիմնադրամ (SOFAZ), որտեղից, ըստ պատգամավոր Վուգար Բայրամովի, դրանք օգտագործվում են ազգային անվտանգության ու ռազմական ծախսերի ֆինանսավորման համար։

Այդուհանդերձ, նույնիսկ բարձր գների պարագայում Նավթային հիմնադրամի ակտիվները տարեսկզբից աճել են ընդամենը 462 միլիոն դոլարով, իսկ ոսկու գնանկման ու ֆինանսական կորուստների պատճառով հիմնադրամը կրել է շուրջ 1.87 միլիարդ մանաթի վնաս։ Էկոնոմիստ Էլչին Մամեդովի գնահատմամբ՝ նավթի բարձր գների ազդեցությունը չեզոքացվում է արդյունահանման ու արտահանման ծավալների անկմամբ, քանի որ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրում արդյունահանումը շարունակում է նվազել։ Արդյունքում, կառավարությունը 2027 թվականին նախատեսում է կրճատել Նավթային հիմնադրամից բյուջե կատարվող մասհանումները և ավելացնել եկամտային հարկի դրույքաչափերը՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում