Anthropic-ը ռեկորդային IPO-ով շրջանցել է SpaceX-ին՝ 1,5 տրլն դոլար գնահատականով

Anthropic-ը ռեկորդային IPO-ով շրջանցել է SpaceX-ին՝ 1,5 տրլն դոլար գնահատականով

Արհեստական բանականության համակարգեր մշակող ամերիկյան Anthropic ընկերությունը բորսայական առաջնային տեղաբաշխման (IPO) հիմնական փաթեթով ներգրավել է 81,3 միլիարդ դոլար՝ առաջ անցնելով Իլոն Մասկի SpaceX-ից, որի հիմնական տեղաբաշխումը կազմել էր 75 միլիարդ դոլար։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, ընկերությունը սկսում է սակարկությունները շուրջ 1,5 տրլն դոլար շուկայական գնահատականով։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ վաճառվել է 980 միլիոն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 83 դոլարով։ Նախապես նախատեսված էր առաջարկել 825 միլիոն բաժնետոմս, սակայն ներդրողների մեծ պահանջարկի ֆոնին ծավալն ավելացվել է, իսկ տեղաբաշխման գինը գերազանցել է նախկինում սահմանված 70–78 դոլարի միջակայքը։ Դրան զուգահեռ՝ Anthropic-ը բաժնետոմսեր է վաճառում ուղղակիորեն ներդրողներին ևս մոտ 26 միլիարդ դոլարի չափով, ինչի շնորհիվ ընդհանուր տեղաբաշխման ծավալը գերազանցում է 107 միլիարդ դոլարը։ Համեմատության համար՝ SpaceX-ը հունիսին՝ լրացուցիչ տեղաբաշխման օպցիոնով հանդերձ, ներգրավել էր շուրջ 86 միլիարդ դոլար։

Մամուլի տվյալներով՝ տեղաբաշխումն ուղեկցվել է առաջարկի նկատմամբ պահանջարկի բազմապատիկ գերազանցմամբ։ Նախնական գնային միջակայքի վերին շեմով այդ փաթեթը կգնահատվեր մոտ 64 միլիարդ դոլար, մինչդեռ CNBC-ի փոխանցմամբ՝ ներդրողների ընդհանուր պահանջարկը հասել է շուրջ 500 միլիարդ դոլարի։ Claude օգնականով հայտնի Anthropic-ը շուկայում մրցակցում է ոչ միայն ChatGPT-ի, այլև Google-ի, Microsoft-ի և Facebook-ի մայր ընկերության՝ Meta-ի հետ։

2021 թվականին հիմնադրված ընկերությունը տարվա առաջին կիսամյակում գրանցել է 16,3 միլիարդ դոլարի հասույթ և 80 միլիարդ դոլարի զուտ վնաս։ Վերջինս պայմանավորված է հաշվապահական վերահաշվարկով, այլ ոչ թե ընկերության գործառնական գործունեությամբ։

Զուգահեռաբար շուկայում կրկին սրվել են մտահոգությունները, թե արդյոք արհեստական բանականության մեջ կատարվող հսկայական ներդրումները կփոխհատուցվեն։ Տեխնոլոգիայի ռիսկերի շուրջ բանավեճն ավելի է թեժացել արհեստական բանականության վրա հիմնված ծրագրային ապահովմամբ ինքնուրույն հաքերային հարձակումներից հետո։ Այդ տրամադրությունների ֆոնին OpenAI-ն իր IPO-ն հետաձգել է մինչև հաջորդ տարի՝ պատճառների թվում նշելով նաև տեխնոլոգիայի շուրջ առկա մտահոգությունները։ Թերահավատությունը նկատելի է եղել նաև ԱՄՆ Կոնգրեսի վերջին նախընտրական արշավի ժամանակ, երբ բազմաթիվ ամերիկացիներ քննադատել են հսկայական տվյալների կենտրոնների կառուցումն ու զգուշավորություն ցուցաբերել տեխնոլոգիայի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում