Հայ դատը բացատրություն է պահանջում Կոնգրեսի գրադարանից

Հայ դատը բացատրություն է պահանջում Կոնգրեսի գրադարանից

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) հստակ բացատրություն է պահանջել Կոնգրեսի գրադարանից՝ հոկտեմբերի 16-ին կայացած միջոցառմանը պաշտոնական հովանավորություն տրամադրելու առնչությամբ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի մայրաքաղաք Երևանը որպես ադրբեջանական տարածք ներկայացնող երկու գիրք։ Նոյեմբերի 24-ին գրադարանավարի պաշտոնակատար Ռոբերտ Ռ. Նյուլենին ուղղված նամակում ANCA-ի հետազոտությունների և վերլուծությունների գծով տնօրեն դոկտոր Ռոբերտ Գրիգորյանը զգուշացրել է պաշտոնական աջակցության միջոցով միջոցառմանը տրված հեղինակության մասին՝ ընդգծելով. «Կոնգրեսի գրադարանի մասնակցությունը նմանատիպ օտարերկրյա քարոզչական գործողություններին խիստ անընդունելի է։ Մենք դիմելու ենք Կոնգրեսի՝ հայկական հարցերով խմբի անդամներին՝ պարզելու, թե ինչպես է հնարավոր դարձել ակադեմիական ազնվության նման կոպիտ խախտումը»։ Նամակի պատճենն ուղարկվել է գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար դոկտոր Յորամ Բիթթոնին, ինչպես նաև հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնին, Գաս Բիլիրակիսին և Դեյվիդ Վալադաոյին, փոխնախագահ Բրեդ Շերմանին ու կոնգրեսականներ Մայք Քերիին և Դինա Թայթուսին։

Ադրբեջանի պետական «ԱԶԵՐԹԱՋ» լրատվական գործակալությունը հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական պետության կողմից Երևանին տրվող «Իրավան» անվանման մասին պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիևայի երկու գիրք ընդգրկվել են Կոնգրեսի գրադարանի կատալոգում՝ հինգ հրատարակությամբ, ինչը, ըստ գործակալության, հաստատվել է հեղինակին ուղղված պաշտոնական նամակով։ Գրքերը ներկայացվել են հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում և հոկտեմբերի 16-ին Վաշինգտոնում, իսկ վաշինգտոնյան շնորհանդեսի լուսանկարներում Սաֆիևան և գրադարանի աշխատակիցը պատկերված են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնի պաշտոնական ամբիոնի մոտ՝ երկու գրքերը ձեռքին։ «ԱԶԵՐԹԱՋ»-ի տվյալներով՝ «Իրավան. պատմական փաստաթղթերի լեզվով» գիրքը հրատարակվել է Ադրբեջանի կառավարության՝ Հասարակական միավորումներին պետական աջակցության գործակալության ֆինանսավորմամբ, իսկ չորս լեզվով լույս տեսած «Իրավան. պատմության արձագանքներ և կորսված ժառանգություն» գրքի ծախսերը հոգացել է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան։ Նամակում դոկտոր Գրիգորյանը շեշտել է, որ վերջին շրջանում Բաքուն ուժեղացրել է պատմական հիշողության դեմ ուղղված արշավը՝ փորձելով հիմք ստեղծել հայկական տարածքների նկատմամբ հավակնությունների համար։

Հանձնախմբի գնահատականով՝ այս գործընթացը ծավալվում է 2020 թվականի պատերազմից, շրջափակումից և 2023 թվականին Արցախից շուրջ 150 հազար բնիկ հայերի բռնի տեղահանումից հետո, երբ Բաքուն շարունակում է ոչնչացնել ու աղավաղել հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Նամակում հիշեցվել է, որ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը ձևավորվել է երեք տասնամյակի ընթացքում՝ 1996 թվականին Հեյդար Ալիևի կողմից այն որպես տնտեսական փոխաբերություն գործածելուց մինչև 1998-ի դեկտեմբերին Հայաստանի ներկայիս Երևանի, Սևանի և Զանգեզուրի շրջաններին տարածելը, իսկ հետագայում՝ մշակութային ժառանգության յուրացմամբ ու Նախիջևանի հազարավոր միջնադարյան հուշարձանների, այդ թվում՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացմամբ։ Իլհամ Ալիևը, 2022 թվականի դեկտեմբերի 24-ին ելույթ ունենալով «Արևմտյան Ադրբեջանի համայնք» վերանվանված կառույցում, հայտարարել էր, թե «ներկայիս Հայաստանը մեր հողն է», առաջնահերթ համարել այդ օրակարգը և հրահանգել նման ցուցահանդեսներ, շնորհանդեսներ ու միջազգային համաժողովներ կազմակերպել արտերկրի օրենսդիր ու քաղաքական շրջանակներում։

Կոնգրեսի գրադարանի շնորհանդեսը տարվա ընթացքում Վաշինգտոնում Բաքվի աջակցությամբ անցկացված երկրորդ նման միջոցառումն է՝ հունիսի 24-ին Սենատի Ռասելի գրասենյակային շենքի Քենեդու անվան սրահում «Բաքվի նախաձեռնող խմբի» կազմակերպած համաժողովից հետո, որտեղ կոչ էր արվել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարց բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածք։ Նշվում է, որ այդ հավակնություններն առաջ են մղվում այն պայմաններում, երբ Բաքուն արգելափակում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար հայերի վերադարձը և շարունակում է բանտերում պահել հայ պատանդներին։ Ընդգծվում է նաև, որ գրադարանի նման ներգրավվածությունը հակասում է Կոնգրեսում քննարկվող օրինագծերին՝ մասնավորապես Մայք Քերիի ներկայացրած հայ-ամերիկյան մշակութային ժառանգության մասին օրինագծին և Հայոց ցեղասպանության կրթության մասին օրինագծին, մինչդեռ հենց նույն բաժինը 2026 թվականի հուլիսի 16-ին անցկացրել էր հայ-ամերիկյան ժառանգությանը նվիրված միջոցառում՝ մասնագետ դոկտոր Խաչիկ Մուրադյանի ելույթով։ Նամակի վերջում դոկտոր Գրիգորյանը շեշտել է. «Ակնկալում ենք հանգամանալի պարզաբանում, որպեսզի նման միջադեպերն այլևս չկրկնվեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում