Օտարերկրացիներին աշխատանքի խոստումով Հայաստան են բերել և սեռական շահագործման ենթարկել

Օտարերկրացիներին աշխատանքի խոստումով Հայաստան են բերել և սեռական շահագործման ենթարկել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ստացված օպերատիվ տվյալների հիման վրա բացահայտվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից կանանց սեռական շահագործման ենթարկելու երկու դեպք։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մի խումբ տղամարդիկ նախնական համաձայնությամբ այլ երկրներում բնակվող կանանց ու աղջիկներին հավաքագրել են՝ բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպելով նրանց տեղափոխումը Հայաստան։

Առաջին դեպքում օտարերկրացի կանանց տեղափոխել են Երևանի հյուրանոցներից մեկը։ Ոստիկանության տվյալներով՝ օտարերկրացի մի տղամարդ, օգտագործելով կանանց խոցելի ու անօգնական վիճակը, բռնության սպառնալիքով ստիպել է նրանց վճարովի սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։

Մյուս դեպքում շահագործումը կազմակերպվել է Ջրվեժ գյուղի առանձնատներից մեկում։ Այստեղ օտարերկրացի երկու տղամարդ խաբեությամբ Հայաստան բերված կանանց մեկուսացրել են առանձին սենյակներում, ծեծի ու սպառնալիքի միջոցով ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և վերցրել ստացված գումարը։

Օպերատիվ տվյալներն իրացվել են նոյեմբերի 16-ին։ Երևանի հյուրանոցից և Ջրվեժի առանձնատնից մի խումբ անձինք տեղափոխվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ ենթադրյալ տուժողներից ընդունվել են հաղորդումներ, իսկ օտարերկրացի երեք տղամարդ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում