Մահափորձ Էրդողանի դստեր դեմ

Մահափորձ Էրդողանի դստեր դեմ

Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը, հղում կատարելով երկրի հետախուզության աղբյուրներին, հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր` Սումեյա Էրդողանի նկատմամբ մահափորձ էր պատրաստվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ մահափորձը ծրագրվել էր իրականացնել խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսվում է անցկացնել առաջիկա հունիսի 7-ին:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ Սումեյա Էրդողանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Թուրքիայի իշխանամետ թերթը գրել է, որ երկրի ղեկավարի դստեր վրա մահափորձը ծրագրել են ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցները:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը դստեր համար ցանկանում է պատգամավորական անձեռնմխելիություն ապահովել, որպեսզի նրան զերծ պահի հնարավոր քրեական հետապնդումներից:

Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների, այդ թվում` նրա որդու, փեսայի եւ դստեր նկատմամբ աղմկալից խոշոր կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին եւ հայտարարել, որ նրանք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում