Գեղարքունիքում նախապատրաստվում են ոռոգման շրջանին
Նմանատիպ
Թեեւ դեռ գարունը Գեղարքունիքի մարզում հեռու է իր իրավունքների մեջ մտնելուց, բայց արդեն Մարտունու, Գավառի եւ Վարդենիսի ջրօգտագործող ընկերությունները նախապատրաստվում են ոռոգման շրջանին: Ընդ որում, այս տարվանից արդեն ոռոգման ջրի մատակարարման համակարգը սպասարկող ընկերություններն արդեն գործում են ոչ թե Ջրտնտպետկոմի, այլ՝ ՀՀ գյուղնախարարության ենթակայութ յամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն 83 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգերը ոռոգման շրջանին նախապատրաստելու եւ առանձին հրատապ ծրագրերի իրականացման համար:
«Ջրօգտագործող ընկերություններում վարձավճարների հավաքագրման ցուցանիշը մոտենում է 93 տոկոսի, իսկ մինչեւ ոռոգման շրջանի սկիզբը, որը սկսվում է հունիսից, այն կհավաքագրվի ամբողջությամբ: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են բոլոր երեք ընկերություններում: Շատ կարեւոր քայլ էր համակարգը գյուղնախարարության ոլորտ տեղափոխելը: Համոզված եմ, որ հատկացված միջոցները կօգտագործվեն եւ արդյունավետ, եւ ժամանկին, եւ մենք միանգամայն պատրաստ կլինենք ոռոգման շրջանին»,-հավաստեց վարչության պետը: Նույն աղբյուրի համաձայն՝ արդեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ մշակվում են Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգերի նորացման ու ընդլայնման ծրագրեր, որոնք գործողության մեջ կդրվեն մոտակա տարիներին, քայլ առ քայլ:
Խոսրով Խլղաթյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում