Հայ շախմատիստները կրկին հռչակվեցին Օլիմպիական չեմպիոն

Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը հայ շախմատիստներին պարգևեց մրցաշարի հաղթողի պատվավոր կոչումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Times.am գործակալությունը, մեր թիմի մրցակիցները Հունգարիայի շախմատիստներն էին: Օլիմպիական չեմպիոնի կոչումին արժանանալու համար մեր հավաքականը անպայման պետք է հաղթեր մրցակիցներին: Խնդիր, որը բավական հեշտ լուծում ստացավ:

Առաջինն իրենց պարտիաները ավարտեցին Պետեր Լեկո- Լևոն Արոնյան և Ֆերենց Բերկես-Գաբրել Սարգսյան զույգերը: Երկուսն էլ գրանցեցին ոչ ոքի արդյունք: Այնուհետև Սերգեյ Մովսիսյանը հիանալի հաղթանակ տոնեց Զոլտան Ամասիի նկատմամբ: Հուդիթ Պոլգար-Վլադիմիր Հակոբյան մրցավեճն նույնպես խաղաղ արդյունք ունեցավ, ինչի շնորհիվ Հայաստանը հաղթեց Հունգարիայի հավաքականին 2.5:1.5 հաշվով և ընդհանուր 19 միավորով հռչակվեց օլիմպիական չեմպիոն:

Նշենք, որ նախավերջին տուրից հետո Հայաստանի հավաքականի հետ առաջատարի տիտղոսը մրցող Չինաստանի և Ռուսաստանի հավաքականներին այդպես էլ չհաջողվեց շրջանցել մեր ընտրանուն: Վերջին տուրում չինացիները 3:1 հաշվով պարտվեցին Ուկրաինայի հավաքականին, իսկ ռուսները, չնայած Գերմանիայի դեմ տոնած հաղթանակի, ստիպված եղան բավարավել պատվավոր երկրորդ տեղով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում