Հանրակրթական ուսումնական հաստատություններն այս տարի իրենց դռները կբացեն 400 հազար աշակերտների առջև
Նմանատիպ
Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններն իրենց դռները կբացեն շուրջ 400 հազար աշակերտների առջև: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի առաջին դասարան ոտք կդնեն 40 հազարից ավելի երեխաներ:
«Այս մի քանի օրվա ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ 40 հազարից ավելի առաջին դասարանցիներ կունենանք, մարզային որոշ գյուղերում կլինեն դպրոցներ, որոնք առաջին դասարան չեն ունենա: Նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար էր, այս տարի երեխաների թիվն ավելացել է»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց Նարինե Հովհաննիսյանը:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով, 1-4-րդ դասարանի աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով, իսկ մնացածներին կտրամադրվեն վարձակալությամբ ստացվող դասագրքեր: «Այս տարի շատացել է նաև «Ազգային երգ ու պար» առարկա դասավանդող դպրոցների թիվը: Պատրաստ են ծրագրերը, կա մեթոդական ուղեցույց: Այն օգնելու է ուսուցիչներին, թե ինչպես աշխատեն և ինչպես տեղավորեն ժամերը: Ուսուցիչներն անցնում են վերապատրաստումներ»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով, մարզերում շարունակվելու է դպրոցական սննդի տրամադրման ծրագիրը: «Նորամուծություններից մեկն այն է, որ Վայոց ձորում այս տարի մեկնարկելու է «Մեկ աշակերտ, մեկ համակարգիչ» ծրագիրը»,-հավելեց նա:
2014-15 ուսումնական տարում հանրապետությունում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1437 դպրոց: Դրանցից 1391-ը պետական են, 46-ը ոչ պետական: Նախորդ տարի առաջին դասարան է մուտք գործել 38 հազար երեխա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում