Պիկե. «Ռեալի» վերաբերյալ ասածներիս համար չեմ զղջում
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատությունների և սուլոցների կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և պատասխանել է լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Իսպանիա-Սլովակիա խաղի ժամանակ իսպանացի երկրպագուներն անդադար սուլել են Պիկեին: Իսպանական որոշ պարբերականներ առաջ են քաշում այն վարկածը, որ Պիկեին սուլում են, քանի որ նա պարբերաբար վատ արտահայտություններով է խոսում «Ռեալի» մասին՝ այդպիսով սրելով «Բարսելոնայում» և մադրիդյան թիմում հանդես եկող իսպանացի ֆուտբոլիստների հարաբերությունները:
-Տեղի ունեցածից չեմ դժբախտացել: Ես երջանիկ եմ և լավատես: Երեկ գնացել եմ սունկ հավաքելու և մեկ զամբյուղ եմ հավաքել: Կարծում եմ՝ հավաքականի խաղերի ժամանակ երկրպագուներն ինձ սուլում են «Բարսելոնայի» և «Ռեալի» հակամարտության և մադրիդյան թիմի վերաբերյալ իմ կարծիքի պատճառով:
Տրիբունաների բացասական վերաբերմունքն ավելի շատ ազդեց ամբողջ թիմի վրա, քան իմ, բայց այդպիսին է երկրպագուների կամքը, նրանք իրավունք ունեն իրենց այդպես պահելու: Խոսքերով չեմ կարող վերջ դնել տեղի ունեցածին, բայց դա կարող եմ գործով անել: Ես միշտ Իսպանիայի հավաքականի կազմում խաղալիս նվիրված եմ 100%
«Ռեալի» վերաբերյալ ասածներիս համար չեմ զղջում: «Ռեալի» և «Յուվենտուսի» հանդիպումը նայել եմ Բուֆֆոնի մարզահագուստով և ի սրտե ցանկացել եմ, որ մադրիդյան թիմը պարտվի: Այս առումով չեմ պատրաստվում փոխվել: «Ռեալի» և «Ատլետիկոյի» խաղից առաջ Կասիլյասին ասել եմ. «Հույս ունեմ՝ 4 գոլ բաց կթողնես»: Այդպես էլ եղավ, իսկ հետո մենք ծիծաղով հիշեցինք ասածս:
Ես չպետք է արդարանամ, քանի որ ոչ մի վատ բան չեմ ասել: Սխալ էր կատակել Իսպանիայի և Կատալոնիայի վերաբերյալ, բայց իմ բոլոր կատակները բխել են «Բարսելոնայի» և «Ռեալի» հակամարտությունից, և ես ոչ ոքի չեմ վիրավորել: Երբ «Սանտյագո Բեռնաբեուի» երկրպագուները սուլում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, ինձ համար դա սիմֆոնիայի նման է հնչում:
Այս ամենից հետո Իսպանիայի հավաքականում կարիերաս ավարտելը վերջին բան է, որի մասին կարող եմ մտածել,-Պիկեի խոսքերը մեջբերված են «Football Espana»-ից:
Հիշեցնենք նաև, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլյայի» հետ խաղում 5:4 հաշվով տոնած հաղթանակից հետո Պիկեն ասել էր. «Գրողի ծոցը «Ռեալը»։ Թող Մադրիդում տեսնեն, թե ինչպես ենք մենք հերթական մրցանակը նվաճում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում