Թուրքիայի նոր ԱԳ նախարարը Բաքվում հին երգը երգեց

Թուրքիայի նոր ԱԳ նախարարը Բաքվում հին երգը երգեց

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն սեպտեմբերի 15-16-ը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում: Ինչպես թուրք և ադրբեջանցի շատ պաշտոնյաներ, Թուրքիայի ժամանակավոր կառավարության նորանշանակ արտգործնախարարը ևս փորձեց իր քաղաքական մկրտությունը ստանալ Ադրբեջանում` ի հավաստումն երկու երկրների միջև անխախտ եղբայրության և ռազմավարական գործընկերության:

Սինիրլիօղլուն հանդիպումներ ուենցավ ոչ միայն իր ադրբեջանցի գործընկերոջ Էլմար Մամեդյարովի, այնպես էլ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Պաշտոնական հաղորդագրություններում և Մամեդյարովի հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի բովանդակությունից պարզ է դառնում, որ կողմերն անդրդադարձել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, շոշափել են նաև ԼՂ հակամարտության թեման: Մասնավորապես` ուշադրության են արժանացրել ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, դրանց շահագործման ժամկետները, Սիրիայի հակամարտությունը և դրա տարածաշրջանային հետևանքները և հանդես եկել Արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններով:

«ԼՂՀ հակամարտությունը, որը ես դիտարկում եմ, որպես տարածաշրջանային անվտանգության և զարգացման ամենամեծ խնդիր, պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Թուրքիան մտադիր է շարունակել ջանքեր ներդնել այդ ուղղությամբ: Խնդրի նման լուծումը թույլ կտա տարածաշրջանում կայունացնել իրավիճակը: Մենք ցանկանում ենք, որ դա հասկանան նաև այլ երկրները և միջազգային հասարակությունը: Մենք հետևում ենք Մինսկի խմբի ջանքեին և հարկ եղած դեպքում քննադատում կամ հավանություն ենք տալիս նրանց գործունեությանը: Պետք է հրաժարվել քայլերից, որոնք կարող են իրավիճակի սրմանը հանգեցնել»,- Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Հատկանշական է, որ Սինիրլիօղլուն տարածաշրջանի ամենամեծ ապակայունացնող գործոն է համարում Արցախյան հակամարտությունը, և դա այն դեպքում, երբ Թուրքիայում մի կողմից քրդական շարժումն է գլուխ բարձրացրել, իսկ մյուս կողմից Սիրիայի և Իրաքի հետ սահմանին Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունն է արյունոտ թևերը տարածել: Ինչևէ, ինչպես ժողովրդական ասացվածքն է հուշում, Թուրքիան չի տեսնում սեփական աչքի գերանը, սակայն խոսում է ուրիշի աչքի փայտիկից:

Չնայած Թուրքիայում արտաքին գերատեսչության ղեկավար է փոխվել, սակայն Արցախի հարցում այդ երկրի ոչ հռետորաբանությունն է փոխվել և ոչ էլ վերաբերմունքը: Եթե այս նոր նախարարը պահպանի իր պաշտոնը նաև արտահերթ ընտրություններից հետո, ապա Արցախյան հարցում Թուրքիան կարող է ավելի կոշտ հռետորաբանություն որդեգրել: Սինիրլիօղլուն այն դիվանագետների թվում էր, ով ժամանակին իր մեծ նպաստը բերեց ՄԱԿ-ում Արցախի վերաբերյալ հակահայկական բանաձևերի մշակման և ընդունման գործում: Սակայն գործողությունների սպասել իրատեսական չէ:

Թուրքական բարձրաստիճան ղեկավարությունը սովորաբար իր ելույթներում շեշտում է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ Արցախյան հարցը չլուծվի, անշուշտ, հօգուտ Ադրբեջանի: Այս անգամ մամուլի հրապարակումներում կարծես թե նման մտքեր տեղ չէին գտել: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան ներկայումս այնքան է տարված իր սահմանակից այլ երկրների հետ խնդիրներով, որ հայ-թուրքական սահմանի բացումը միջնաժամկետ հեռանկարում արտաքին քաղաքականության օրակարգի երկրորդական դրույթներից է, ուստի այս հարցում Ադրբեջանն այլևս չի կարող հույս դնել Թուրքիայի զորակցության վրա:

Հայկական կողմը բազմիցս է շեշտել Թուրքիայի հետ առանց նախապայմաններ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, և նույնիսկ ամրագրել է այդ դրույթը արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ուղենշող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Ի հեճուկս ՀՀ-ի նման կառուցողական դիրքորոշման, Թուրքիան փորձել է հայ-թուրքական հարաբերությունների թնջուկին ավելացնել նաև Արցախյան հիմնահարցը` նվազագույնի հասցնելով հարաբերությունների կարգավորման շանսերը:

Չնայած տարածաշրջանային զարգացումներում առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումներ չեն նկատվում, սակայն կարևոր է, որ առաջիկայում ՀՀ-ն վերանայի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու դրույթը:

Այդ առումով կարևոր և առաջնային պահանջներից պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների զատումը հայ-ադրբեջանական խնդիրներից, Արցախյան հարցում եթե ոչ չեզոքության պահպանում, ապա գոնե միջամտության բացառում, միջազգային հարթակներում հավասարակշռված մոտեցման ցուցաբերում: Այս պայմանների բավարարումից հետո միայն կարելի կլինի խոսել հայ-թուրքական հարաբերություններից:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում