Կայացավ Գնել Մեջլումյանի հիշատակին նվիրված մրցաշարը

Կայացավ Գնել Մեջլումյանի հիշատակին նվիրված մրցաշարը

Հոկտեմբերի 2-3-ը Երևանում անցկացվեց Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր ազատոճային ըմբիշ Գնել Մեջլումյանի հիշատակին նվիրված պատանեկան 10-րդ հոբելյանական հուշամրցաշարը: 

Մրցաշարին մասնակցում էին 10 թիմեր՝ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, ԼՂՀ-ից և Վրաստանից: Եզրափակչում Լոռիի հավաքականը հանդիպեց Երևանի հետ և զիջեց 3:7 հաշվով, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Կոտայքի մարզը ներկայացնող թիմին:

Հուշամրցաշարի պատվավոր հյուրերի թվում էր օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով ցավով նշեց, որ չի հետևել Գնել Մեջլումյանի մարզական ուղուն։

«Նա ավելի ավագ սերնդից էր․ այնպես որ, բացի մարզական տիտղոսներն իմանալուց ավելի բան չեմ կարող եմ ասել: Երբ նա ակտիվ սպորտի մեջ էր, ես շատ փոքր էի և չեմ հիշում: Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին, սա ևս մեկ հնարավորություն է սպորտը զարգացնելու համար և անկախ արդյունքից բոլորին եմ շնորհավորում: Նման մրցաշարերում կարելի է տեսնել ու շտկել թերությունները և կատարելագործվել»,- ասաց Արսենը:

Խոսելով պատանի ըմբիշների գոտեմարտերի մասին՝ Արսենը չցանկացավ առաձնացնել որևէ մեկին.

«Բնական է, երբ լսում ես, որ գորգում Եվրոպայի չեմպիոն կամ մրցանակակիր է, ավելի ուշադիր ես սկսում դիտել գոտերմարտը, բայց այդ դեպքում էլ տվյալ մարզիկը ցանկանում է ավելի վառ հանդես գալ և որոշ դեպքերում դա սկսում է խանգարել: Կան հետաքրքիր գոտեմարտ վարող ըմբիշներ, բայց չեմ ուզում կոնկրետ մեկին առանձնացնել»:

Արսեն Ջուլֆալակյանը նաև նշեց, որ հունահռոեմական ոճի ըմբշամարտում ևս այսպիսի մրցաշարեր անցկացնելու անհրաժեշտություն կա․

«Տարվա մեջ ընդամենը մեկ կամ երկու մրցաշար է անցկացվում հունահռոմեական ըմբշամարտում, ինչը բավարար չէ մարզավիճակը պահելու համար, իսկ արտերկիր մրցման մեկնելը ծախսատար է, և ամեն մարզիկ չի կարող իր հաշվին մեկնել: Շատ ավելի լավ կլինի Հայատանում կազմակերպել մրցաշարեր՝ թեկուզ քաղաքային բաց առաջնություններ: Հուսանք՝ ամեն ինչ կշտկվի»,-ասաց Ջուլֆալակյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում