ԵՄ դեսպանը պայմաններ է դրել՝ երբ ՀՀ-ում ուղղակի ներդրումների մակարդակը կբարձրանա

ԵՄ դեսպանը պայմաններ է դրել՝ երբ  ՀՀ-ում ուղղակի ներդրումների մակարդակը կբարձրանա

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ազատությունը կարող է սահմանափակ լինել, բայց միևնույն է այն նոր մակարդակի վրա է բարձրացնելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Այսօր ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14-րդ նիստիին հայտարարեց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Հույս ունեմ, որ  նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կանցկացվեն կառուցողական միջավայրում և հաձայնագիրը շատ շուտ կկնքվի, ինչին ձգտում է երկու կողմն էլ»,-շեշտեց նա:

Այս համատեքստում  Սվիտալսկին  ընդգծեց, որ ԵՄ-ն  ցանկանում է խորացնել առևտրային հարաբերությունները Հայաստանի հետ, չնայած այսօրվա դրությամբ  ՀՀ-ի առևտրային առաջին գործընկերն է, Հայաստանից արտահանվող ապրանքների խոշորագույն շուկան, բայց պետք է օգտագործել առկա  ամբողջ ներուժը. առևտուրն ամեն ինչի հիմքն է:

«Հայաստանն արդեն իսկ օգուտներ քաղում է GSP+ ծրագրի մասնակցությունից բխող արտոնյալ կարգավիճակից, ինչի արդյունքում հայկական ապրանքներն արտոնյալ պայմաններով են մուտք գործում եվրոպական շուկաներ: Բայց ներուժը շատ ավելի մեծ է, ուստի հուով եմ, որ Հայաստանը լավ ռազմավարություն կմշակի իր ապրանքներն այնպես գովազդելու և ներկայացնելու, որ դրանք եվրոպական շուկայում մրցունակ լինեն»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Սվիտալսկին շեշտեց, որ Հայաստանում կատարվող ուղղակի ներդրումների մակարդակը պատրաստ են մեծացնել,  բայց օտարերկրյա ներդրողները պետք է իմանան, թե ինչի է ուզում Հայաստանը հասնել 10-15 տարուց:

«ԵՄ-ն պատրաստ է 1,5 միլիոն տրամադրել Հայաստանին՝ զարգացման տեսլականը մշակելու համար, ինչը կօգնի որպեսզի ծրագրերը հղկվեն: Հուսով եմ՝ հայկական կողմն այդ հնարավորությունը կօգտագործի և բաց չի թողնի»,- նկատեց Պյոտր Սվիտալսկին:

Այստեղ վերջինը նկատեց, որ ՀՀ-ում անհրաժեշտ է նաև օրենսդրաիրավական համակարգը դարձնել կանխատեսելի և թափանցիկ, և որ ամենակարևորն է  լուրջ ջանքեր գործադրել   կոռուպցիայի դեմ պայքարի  ուղղությամբ:

«Ոչ մի օտարերկրացի  ներդրում չի անի,  երբ երկրի իմիջը ստվերում են կոռուպցիայի դեմ պայքարի ոչ բավարար լինելու  խնդիրները»,- հայտնեց Պյոտր Սվիտալսկին:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում