ԱՄՆ-ն և Ռուսաստանը զինում են քրդերին. Թուրքիան տագնապի մեջ է

ԱՄՆ-ն և Ռուսաստանը զինում են քրդերին. Թուրքիան տագնապի մեջ է

Պաշտոնական Անկարան օրերս իր վրդովմունքը, ավելի ճիշտ խուճապն ու զայրույթն է հայտնել Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին: Անկարան դժգոհել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան «Իսլամական պետության» դեմ պայքարում զինում են Սիրիայի և Իրաքի քրդերին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր մոտ է կանչել ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններին` հայտնելով, որ Անկարան լիովին անընդունելի է համարում քրդերին զինելը, ովքեր, ըստ նրա, կապված են Թուրքիայում արգելված և ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական «Ժողովրդավարական միության» հետ:

Թուրքիայի իշխանությունները շուրջ երկու տարի տևած զինադադարից հետո վերսկսել են ռազմական գործողությունները «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ, որին, ըստ Անկարայի, հարում են ահաբեկիչ քրդեր ինչպես Իրաքում և Սիրիայում, այնպես էլ սեփական տարածքում: Քրդական խնդիրը սրվեց այն բանից հետո, երբ Էրդողանի իշխանությունը չկատարեց սահմանադրությամբ քրդերին որոշակի ինքնավարություն տրամադրելու խոստումները: Չնայած այդ հանգամանքին` խորհրդարանական ընտրություններում քրդական «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությունը ստացել էր մեծ թվով քվեներ և կարող էր հայտնվել թուրքական խորհրդարանում:

Սիրիայում և Իրաքում ստեղծված անիշխանության և քաոսի պայմաններում քրդերը կարողացան բավական ամուր դիրքեր գրավել և դարձան Թուրքիայի կողմից աջակցություն ստացող «Իսլամական պետության դեմ» պայքարի ելած եզակի ուժերից մեկը: Քրդական գործոնի հզորացման մեջ Անկարան տեսավ լուրջ վտանգ, քանի որ գաղտնիք չէ, որ քրդերը վաղուց երազում են ունենալ սեփական անկախ պետություն: Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջանները, և Թուրքիայի հարավ-արևելքը գրեթե ամբողջությամբ քրդաբնակ են: Նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելով` Էրդողանի իշխանությունն անցավ քրդերի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ավիահարվածներ հասցրեց «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին Իրաքում և Սիրիայում, իսկ սեփական տարածքի քրդաբնակ շրջաններում սկսեց պետական տեռորը:

Սակայն Անկարան մինչ օրս որևէ լուրջ հաջողության չի հասել քրդերի դեմ սկսված պատերազմում: Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ում զինվորների և զինտեխնիկայի թվաքականով երկրորդ հզոր բանակն ունեցող Թուրքիան չի կարողանում վնասազերծել քրդական առանձին ապստամբական ուժերին: Ակնհայտ է, որ դրա պատճառը Ռուսաստանի և Արևմուտքի կողմից քրդերին ցուցաբերվող ռազմական աջակցությունն է, որը, կարծես թե, ընդլայնվում է հենց այն բանից հետո, երբ Թուրքիան վերսկսեց պատերազմը քրդերի դեմ:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների համար քրդերը դաշնակիցներ են Իրաքում: Հյուսիսային Քուրդիստանի ինքնավարությունը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ` որպես փոխհատուցում քրդերին Սադամ Հուսեյնի դեմ համատեղ պայքարի դիմաց: Այսօր քրդերը, ինչպես մի առիթով հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ասադի հետ միասին միակն են, ովքեր իրական պայքար են մղում «Իսլամական պետության» դեմ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան աջակցում և զինում է Իրաքի ու Սիրիայի քրդերին, անգամ ներգրավել է նրանց հակաիսլամիստական կոալիցիայում, համակարգում են համատեղ գործողությունները:

Ուշագրավ է, որ Իրաքի կառավարությունը ողջունել է Ռուսաստանի ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը և նույնպես խնդրել ռուսների աջակցությունը, պատրաստակամություն հայտնել անգամ սեփական ռազմաբազաները տրամադրել: Իրաքում մեծ դժգոհություն է հասունացել Միացյալ Նահանգների հանդեպ: Իրաքի վարչապետ Աբադին, ով իշխանության է եկել հենց ամերիկացիների աջակցությամբ, այսօր դաշինք է փնտրում ռուսների հետ` հայտարարելով`«Մենք ակնկալում էինք, որ ամերիկացիների գլխավորած միջազգային կոալիցիան մեզ հզոր օդային աջակցություն կցուցաբերի, որպեսզի պաշտպանի մեր զորքերին: Սակայն այդ աջակցությունն այդպես էլ չստացանք»:

Փաստորեն` Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալուց և «Իսլամական պետության» հաղթարշավից հետո Վաշինգտոնը լրջորեն կորցրել է իր դիրքերը տարածաշրջանում: Փոխարենը Ռուսաստանն է վերադառնում Մերձավոր Արևելք և Սիրիայից հետո ամրապնդում է սեփական դիրքերը նաև Իրաքում: Սա ոչ այնքան Արևմուտքի ձախողումն է, որքան Արևմուտքի դաշնակից Թուրքիայի լիակատար պարտությունը: Անկարան իր գործողություններով միայն խորացրել է ճգնաժամը` ավելի թեժացնելով քրդական խնդիրը, ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ քրդերն ավելի վստահելի գործընկեր են դարձել ռուսների ու ամերիկացիների համար ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:

Այսպիսով` Թուրքիան վայելում է սեփական ձեռքերով քրդական խնդիրը թեժացնելու քաղաքականության պտուղները: Իհարկե, դժվար է ասել, թե որքանով է Արևմուտքին և Ռուսաստանին շահեկան Քուրդիստան պետության ստեղծումը, դա շատ արմատական և անկանխատեսելի փոփոխություններ կարող է բերել տարածաշրջանում: Քուրդիստան անկախ պետության ստեղծումն այսօր անիրատեսական է թվում, քանի որ դրա համար պետք է անդամահատվեն միաժամանակ մի քանի պետություն, ինչը մեծ հակամարտությունների պատճառ կդառնա:

Սակայն փաստ է, որ Թուրքիայի քաղաքականության արդյունքում քրդերը դարձել են այնպիսի գործոն, որի հետ սկսել են հաշվի նստել թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը: Թուրքիան գրեթե լիովին պարտված է դուրս գալիս մերձավորարևելյան խաղից և կորցնում է տարածաշրջանային առաջատար տերության իր կարգավիճակը: Այս առումով պատահական չէ, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով սուր հակադրության մեջ հայտնված Արևմուտքն ու Ռուսաստանը շատ արագ համաձայնության եկան իրանական խնդրի շուրջ` կանաչ լույս վառելով Իրանի առջև և աստիճանաբար հետին պլան մղելով Թուրքիային:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում