Այսօր կայանալու է «Ոսկե գնդակ – 2015» մրցանակաբաշխությունը

Այսօր կայանալու է «Ոսկե գնդակ – 2015» մրցանակաբաշխությունը

Այսօր երեկոյան Ցյուրիխում կայանալու է «Ոսկե գնդակ – 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, պաշտոնական մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:30-ին: 

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Նեյմարը: Նեյմարը և Մեսսին 2015 թվականի ընթացքում «Բարսելոնային» օգնել են 5 տիտղոս նվաճել (Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն): Մեսսին ամռանը ստացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ շրջանցելով Ռոնալդուին և Լուիս Սուարեսին:

Ռոնալդուն գերազանցել իր իսկ ռեկորդը՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփելով 61 գոլ (տարվա կտրվածքով՝ 57 խաղում խփել է 57 գոլ): Նման արդյունավետության շնորհիվ պորտուգալացին կարիերայում չորրորդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»:

Տարվա լավագույն մարզչի մրցանակին հավակնում են Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և «Բավարիայում» վերջին մրցաշրջանն անցկացնող Խոսեպ Գվարդիոլան:

Ալեսսանդրո Ֆլորենցիի («Ռոմա»), Ուենդելլ Լիրայի («Գոյանեզիա») և Լիոնել Մեսսիի («Բարսելոնա») գոլերը հայտնվել են տարվա լավագույն գոլի վերջնական ցանկում (գոլերը ներկայացված են ակտիվ հղմամբ):

Ալեսսանդրո Ֆլորենցիի գոլը

Ուենդելլ Լիրայի գոլը

Լիոնել Մեսսիի գոլը

Նշենք նաև, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սելիա Շաշիչը, ամերիկուհի Կարլի Լյոդը և ճապոնուհի Այա Միյաման հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստուհի մրցանակին:

Ծանոթություն. «Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է: 1956-ից սկսած այն տրվում էր ֆուտբոլիստին, ով տվյալ օրացուցային տարում լավագույնն է ճանաչվում Եվրոպայում: Մրցանակը սահմանվել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից, ով 1956-ին իր գործընկերներին խնդրել է քվեարկել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար: Մրցանակի առաջին տերը «Բլեկպուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուն էր: Սկզբում լրագրողները կարող էին քվեարկել միայն եվրոպական ակումբների եվրոպացի ֆուտբոլիստների օգտին: Օրինակ` Պելեն ու Մարադոնան այդ մրցանակը ստանալ ոչ մի կերպ չէին կարող: 1995-ից կանոնները փոխվեցին. այդ տարվանից սկսած` մրցանակին կարող էր արժանանալ ցանկացած ազգի ներկայացուցիչ, ով խաղում է Եվրոպայում: Ոչ եվրոպացի առաջին մրցանակակիրը «Միլանի» ֆուտբոլիստ Ջորջ Վեան էր:

2007-ին կանոնադրության մեջ կրկին փոփոխություններ եղան: 2007 թվականից մինչ օրս բաղձալի «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ցանկացած ազգի ու աշխարհի ցանկացած ակումբում ելույթ ունեցող ֆուտբոլիստ: Սրա հետ կապված մեծացավ նաև քվեարկող լրագրողների թիվը: 

Նշենք, որ Մեսսին առաջինն էր, ով 2009-ին ստացավ «Ոսկե գնդակ ՖԻՖԱ» մրցանակը: Սա նշանակում է, որ «France Football» և «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» մրցանակներն արդեն միացել ու որպես մեկ ամբողջ են շնորհվում, իսկ քվեարկությանը մասնակցում են ոչ միայն լրագրողները, այլև ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները: Անցյալ տարի մրցանակը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում