Հայաստանը և Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը
Նմանատիպ
Մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագիրը, որն իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը՝ ՄԱԿ-ի Զարգազման ծրագրի հետ համագործակցությամբ: Այս շրջանակում միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ԵՄ-ից Հայաստանը կստանա 10 մլն եվրո: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Միգրացիոն հարցերը Հայաստան-ԵՄ երկխոսության կարևոր գործոն է: Հայ-վրացական սահմանին Եվրամիությունը բավականին տեսանելի է. ՄԱԿ-ի գրասենյակների հետ մեկտեղ մենք աջակցում ենք Բագրատաշենի սահմանային բարելավմանը և բարեկարգմանը»,-նշեց դեսպանը:
Այս համատեքստում ԵՄ պատվիրակության ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ի ամենաերկար սահմանը Թուրքիայի հետ է, որը փակ է, մյուսը Ադրբեջանի հետ է, որը կրակի տակ է. «Բաց և խաղաղ սահմանները Հայաստանին կօգնեն առաջընթաց արձանագրել և տնտեսական օգուտներ ունենալ, ինչպես նաև զարգացնել ենթակառուցվածքն ու տնտեսությունն առհասարակ: Անցած շաբաթ Տավուշի մարզում էի, և դուք գիտեք, որ շատ եվրոպական երկրները խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին ճանապարհորդել հյուսիսաին սահման՝ Իջևանի հատված, որը մոտ է Ադրբեջանի սահմանին: Մինչդեռ այդ շրջանը հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության տեսանկյունից ամենատեսարժան և գեղեցիկ վայրն է, որը կարող է գրավել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Թուքիայի հետ սահմանն իր հերթին կուժեղացնի առևտուրը, շփումները մարդկանց միջև, մասնավորապես՝ եթե գյումրեցիները կարողանան ազատ ճամփորդել Կարս, իսկ Կարսի ժողովուրդը Գյումրի, սա տնտեսական մեծ եկամուտներ կբերի: Իհարկե, նախևառաջ պետք է փորձենք խաղաղ լուծումներ գտնել ԼՂ-ի հակամարտության համար, որից հետո Թուրքիայի հետ
հարաբերությունները կարգավորել, ինչը հայ ժողովրդի համար բարենպաստ պայմաններ կստեղծի»:
Պյոտր Սվիտալսկին վստահեցրեց, որ Եվրամիությունը ծրագրեր և առանձնացրած գումար ունի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար, ինչը դժվար է իրականացնել, քանի որ գոյություն ունեն որոշակի նախապաշարմունքներ, բայց իրենք պատրաստ են անգամ այս դեպքում ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ:
«Ունենք երկարաժամկետ իրականացվող ծրագիր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը միտված: Համերաշխությունը մեր ինքնության մի մասն է, եթե այս տարածաշրջանն ուզում է Եվրոպաի մաս կազմել, ապա պիտի ստեղծի այդ համերաշխությունը»,- շեշտեց Սվիտալսկին:
Հակադարձմանը, թե ինչպե՞ս եք պատկերացնում դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական քաղաքականությունը և ԼՂ հակամարտության գոտում վերջին ռազմական գործողությունները, դեսպանը խուսափեց պատասխանից.«Մի օր երկար կխոսենք, բայց իմ ուղերձը հետևյալն է ՀՀ-ին և Ադրբեջանին՝ պետք է պատրաստ լինել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»:
Times.am-ի դիտարկմանը, թե Եվրոպան ունի՞ ինչ-որ առումով մեղքի իր բաժինը, կամ կարելի՞ է ասել, որ Հարավային Կովկասում համերաշխության հաստատման Եվրոպայի ձեր ասած ջանքերը ձախողվել են տարբեր հանգամանքներից ելնելով, ԵՄ դեսպանը դարձյալ խոստացավ թեմային մի օր երկար անդրադառնալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում