Վահրամ Բալայան. Արցախի ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում է

Վահրամ Բալայան. Արցախի ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում է

«Միջազգային հանրությունը սկսում է գիտակցել, որ պատերազմը կանխելու միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ապրելու իրավունքի իրացումն է», – ասում է ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վարամ Բալայանը:

Ապրիլյան պատերազմից հետո, կարծես, ավելի է կարևորվել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ և արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել հենց Արցախի Հանրապետության ճանաչման ճանապարհով:

Արցախի ժողովրդն ու իշխանությունը ձգտում է միջազգային հանրության կողմից ճանաչելի դառնալ: Այդ ուղղությամբ մենք նպատակադրված աշխատանքներ ենք տանում: Անցած 20 տարիներին էլ որոշակի քայլեր են ձեռնարկվել: Սա, բավականին բարդ ճանապարհ է, որովհետև, բացի ադրբեջանական կողմի հակազդումներից, մեզ խանգարում է նաև այն, որ մենք գտնվում ենք գերտերությունների շահերի կիզակետում, որտեղ ամեն մեկն իր շահն է փնտրում: Սա սոսկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն չէ: Ցավոք, շահագրգիռ կողմերի թիվն էլ ավելի է մեծացել: Իհարկե, սա չի նշանակում, թե մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք գերտերությունների որոշումներին: Պետք է նախձեռնող լինել, նախահարձակ քաղաքականություն վարել բոլոր բնագավառներում:

Պաշտպանվելու դեպքում, երբ դու անընդհատ փորձում ես իրադարձությունների հետևից գնալ, համոզված եմ, դատապարտված կլինես ձախողման կամ պարտության: Ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած զարգացումներն էլ մեզ հուշում են, որ անհրաժեշտ է նոր գիծ սկսել: Պետք է ավելի ակտիվ աշխատել ու հասնել ավելի մեծ թվով նահանգների ու տարբեր երկրների կողմից Արցախի ճանաչմանը: Կարծում եմ` Հայ Դատի գրասենյակները կարող են մեծ ներդրում ունենալ այս գործում: Ի դեպ, նշեմ, որ մայիսի 8-11-ը Ստեփանակերտում տեղի կունենա Հայ Դատի գրասենյակների խորհրդաժողով, որի առանցքային թեմաներից մեկն էլ տարբեր երկրներում ճանաչմանն ուղղված աշխատանքներն են լինելու:

Ժամանակն է, որ տարբեր երկներ սկսեն ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ինձ թվում է, միջազգային հանրությունը սկսում է գիտակցել, որ պատերազմը կանխելու միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ազատ ապրելու իրավունքի իրացումն է: Իհարկե, չեմ կարծում, որ Ադրբեջանը հլու-հնազանդ կհամակերպվի այդ մտքին, հատկապես` Ադրբեջանի հետևում կանգնած Թուրքիան և նրա դաշնակից երկրները: Այդ պատճառով էլ մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Պետք է բարձրացնենք Արցախի պաշտպանունակությունն ու այն դարձնենք անառիկ ամրոց: Այն թշնամին, որը կփորձի ոտք դնել մեր հողի վրա, պետք է արժանի հարված ստանա: Ուժն ու դիվանագիտությունը մեկը մյուսին լրացնող հանգամանքներ են: Իմ խորին համոզմամբ` եթե մենք ուժեղ չլինենք, աշխարհը երբեք հաշվի չի նստի մեզ հետ: Հետևաբար մենք դատապարտված ենք ուժեղ, նախահարձակ ու նախաձեռնող լինելու: Այս իրադարձություններն էլ պետք է դաս լինեն մեզ համար` ավելի կազմակերպված ու արդյունավետ աշխատելու համար:

Արցախի ճանաչման հարցը միշտ էլ ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է եղել, բայց ապրիլյան իրադարձություններից հետո այն ավելի է կարևորվել: Մայիսի 6-ին Արցախ են ժամանելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեր գործընկերները` քննարկելու մեր հետագա անելիքները: Այս ուղղությամբ պետք է ամենօրյա ակտիվ աշխատանք տանել:

Ունենալով ոչ ադեկվատ թշնամի՝ երևի մենք այլ տարբերակ չունենք էլ, քան ուժի դիրքից խոսելը, որովհետև, արդեն պարզ է, որ Ադրբեջանը բանակցային լեզուն չի հասկանում: Արդյո՞ք միջազգային հանրությունն իսկապես անզոր է նրան կարգի հրավիրել:

Ադրբեջանի այս լպիրշ կեցավածքը պայմանավորված է միջազգային հանրության ազդեցիկ ուժերի ոչ ճիշտ վարվելակերպով, գնահատականներ չտալու և կողմերի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությամբ: Բնականաբար` Ադրբեջանը այդ ամենից ոգևորվում է: Ժամանակին, եթե չեմ սխալվում, մեկ ու կես տարի առաջ Եվրոխորհրդարանում Ալիևն ասաց, թե թքած ունի նրանց կարծիքների ու որոշումների վրա և ինքն անելու այն, ինչ ուզում է: Եվ, իսկապես, իրականում դա այդպես է: Որովհետև այդ կաշառված պաշտոնյաները, տարբեր երկրների պատգամավորները Ադրբեջանից շահ ունենալով, աչք են փակում նրա հանցագործ վարքի վրա: Ալիևը վաղուց է հասկացել, որ միջազգային հանրության վրա ներազդելու բանալին նավթն է, գազն ու խավիարը: Այսօր չարձագանքելով Բաքվի ահաբեկչական գործողություններին, նրանք չեն հասկանում, որ նույն ուղտը վաղը չոքելու է իրենց դռանն ու շարունակում են իրականությունից կտրված հայտարարություններ անել:

Սա ևս մեկ պատճառ է անընդհատ ուժեղանալու, ոչ միայն ռազմական, այլև տնտեսության բոլոր ոլորտներում:

Մենք շատ մեծ ներուժ ունենք, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող ենք շատ բան փոխել: Վերջին 20 օրերին մենք այնքան աշխատանք ենք իրականացրել, որ եթե նախորդ երկու տարիներին էլ այս տեմպերով աշխատած լինեինք, ապա ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային էլ կարող էինք հաղթել:

Մենք փոքր երկիր ենք և պարտավոր ենք պատմությունից դասեր քաղել: Վերջիվերջո, հերիք է, ինչքան մեր տաղանդն ու շնորհն օտարներին ենք ծառայեցրել: Բաքուն կառուցել ենք` տվել ադրբեջանցիներին, Կոստանդնուպոլիսը` թուրքերին, Թիֆվլիսը` վրացիներին: Այժմ Մոսկվան ենք կառուցում ռուսների համար: Ժամանակն է, որ մեր էներգիան մեզ համար օգտագործենք: Ի վերջո, եթե մարդ գնում և այլ երկրում հաջողության է հասնում, նշանակում է նա իր հայրենիքում էլ կարող է հաջողության հասնել: Պետք է հնարավորություններ ու պայմաններ ստեղծենք, որպեսզի տաղանդավոր մարդիկ մնան ու մեզ մոտ կայանան, հաջողության հասնեն: Իսկ եթե որոշ պաշտոնյաների մեղքով են նրանք թողնում ու հեռանում, ապա պետք է նրանց պատասխանատվության ենթարկել: Սա այն դեպքն է, երբ հասարակության բոլոր անդամները պիտի պայքարեն` ավելի լավ հայրենիք ունենալու համար:

Զրույցը վարեց Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում