Կազուսային իրավիճակ. Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միացյալ զորակազմը կարող է տեղակայվել Ջավախքում

Կազուսային իրավիճակ. Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միացյալ զորակազմը կարող է  տեղակայվել Ջավախքում

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմաբլոկը ՆԱՏՕ-ի ինադու, թե՞  ընդդեմ Հայատանի 

Մայիսի 15-ին ադրբեջանական Գաբալա (Կուտկաշեն) քաղաքում տեղի ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի  պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպումը, որի ընթացքում վերջիններս համաձայնություն են ձեռք բերել  համատեղ ապահովել նավթային և գազային խողովակաշարերի անվտանգությունը:  Երեք երկրների ԶՈւ-ի մարտունակությունը մեծացնելու համար կարևորվել է համատեղ զինավարժանքների անցկացումը, ռազմական կրթության ոլորտում համագործակցության կազմակերպումը, կիբեռանվտանգության ոլորտում կապերի զարգացումը: Ավելի ուշ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կալանաձեն հայտարարեց, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համատեղ զորավարժությունը տեղի կունենա 2017 թվականի ամռանը՝ Վրաստանի տարածքում:

Times.amի հետ զրույցում «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլին ակնարկեց, որ այս համագործակցությունը  Վրաստանը չի կապում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ՝ նշելով, որ ցավոք սրտի, Վրաստանի անվտանգության համար դեռ սպառնալիք է դիտվում Ռուսաստանը:

«Վրաստանը չի պատրաստվում որևէ Ալյանս մտնել ընդդեմ Հայաստանի»,-շեշտեց նա՝ նշելով, որ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը շուտ չի լինի,  և որ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին գուցե համագործակցության լրացուցիչ ոլորտներ և գործիքներ առաջ քաշվեն հետագա ինտեգրման համար:

Վրացագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին նկատեց, որ Վրաստանն ուղղություն է բռնել դեպի ՆԱՏՕ, բայց Դաշինքից հասկացրել են՝ դուք բարեփոխվեք, իսկ անդամակցման քաղաքական հարցը կլուծվի, երբ պատուհան լինի, ուստի Վրաստանը որոշել է իր անվտանգության հարցը մինչև ՆԱՏՕ-ին անդամակցումը լուծել եռակողմ համագործակցությամբ, որին մասնակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Սրա վերջնական հաստատումը կախված է Վարշավայի գագաթնաժողովի և Վրաստանում սպասվելիք ընտրությունների արդյունքներից: Ի տարբերություն Գիորգի Կանաշվիլիի՝  Ջոնի Մելիքյանն  Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ միությունից վտանգ է տեսնում. «Եթե միացյալ զորակազմ լինի, ապա հնարավոր է այն  տեղակայվի Ջավախքում, ինչը մեզ համար բացարձակ բարենպաստ չէ, մտածելու բան ունենք: Այսինքն՝ կազուսային իրավիճակ է ստեղծվել և մենք  պետք է անենք այնպես, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ուղուց չշեղվի և մենք կարողանանք հանգիստ լուծել մեր տարածաշրջանային խնդիրները»:

Փորձագետը հիշեցրեց, որ Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն և Հայատանը, որը լինելով ՀԱՊԿ անդամ՝ նորմալ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, պետք է մասնակից Վրաստանում իրականացվող ռազմաուսումնական ծրագրերին:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը վերջերս Թբիլիսիում մասնակցել է «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի և այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ:

Իրան-Վրաստան-Հայաստան գազային գործարքը վրաց-ադրբեջանական հարաբերությունների զոհ

«Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլիի դիտարկմամբ,  Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո երկիրը կակտիվանա մեր  տարածաշրջանում և հնարավոր է Վրաստան-Իրան-Հայաստան հեռանկարային համագործակցություն լինի. «Ներկա պահին սա ապագայի հարց է, որի համար մի քանի խնդիրներ պիտի լուծվեն: Այսինքն՝ այս դեպքում կարող ենք ավելի շատ խոսել հեռանկարներից, քան կոնկրետ քայլերից»: Համագործակցությունը փորձագետը տեսնում է առևտրի և տուրիզմի ոլորտում, այստեղ լուրջ խնդիրներ չկան, իսկ ավելի մասշտաբային ծրագրերը երկարաժամկետ լուծվելիք են:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը հիշեցնում է Իրան-Վրաստան հարաբերությունները գնալով խորանում են. Իրանի քաղաքացիների համար հանվել է վիզային ռեժիմը, ինչին Վրաստանը դեռ մի քանի տարի առաջ էր գնացել, բայց հետո արտաքին ճնշման պատճառով հետ կանգնել: Ինչ վերաբերում է Իրան-Վրաստան-Հայաստան համագործակցությանը, ապա տուրիզմի ոլորտում արդեն իսկ նշաններ են նկատվում. «Մենք ունենք մշակած միասնական փաթեթ, որով իրանի զբոսաշրջիկները մի քանի օր Հայաստանում մնալուց հետո գնում են Վրաստան, որից հետո վերադառնում Իրան, ինչից օգտվում են երկու երկրները: Ավելին՝ իրանական ավիաընկերություններն ուղիղ չվերթ են կազմակերպելու և արդեն կարող է տեղի ունենալ հակառակը՝ Վրաստանից իրանցիները գան Հայաստան, նոր վերադառնան իրենց երկիր»: 

Փոխգործակցության մյուս ուղղությունն ըստ վրացագետի, էներգետիկ ոլորտն է. պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բարձրավոլտ գծերը կառուցվում են երրորդն Իրանում, չորրորդը Վրաստանում, ինչը թույլ կտա իրականացնել էներգոփախանակում:

Ինչ վերաբերում է Իրանի՝ Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու ծրագրին,  փորձագետը նշեց, որ Վրաստանում իրանական գազն ակտուալ չէ, քանի որ այն արժե 330 դոլար, իսկ ադրբեջանականը՝ 60-120, այստեղ դիվերսիֆիկացիայի համար կարող է լինել ռուսական գազը: 

«Նրանք չէին կարող վատացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ի դեպ, հենց նրանք ադրբեջանցիներին ստիպեցին «Գազպրոմ»-ից հավելյալ պաշար վերցնել և էժան գնով տալ իրենց, ինչն արվեց ի վնաս Ադրբեջանի և հօգուտ Վրաստանի: Ադրբեջանը թանկ վճարեց իր մոնոպոլ դիրքը պահելու համար, ինչը կարող է և փոխվել»,-շեշտեց Մելիքյանը՝ հավելելով, որ որոշակի փոփոխություն կարող է լինել Հայաստանի համար տարացման  պայմանագրում.  «Ամեն տարի է ստորագրվում Հայաստանի համար այդ պայմանագիրը, այս տարի  մնաց նույնը, մյուս տարի կարող է փոխվել, քանի որ ռուսները կարող է չհամաձայնեն և ասեն՝ գումարը տվեք մեզ, պայմանավորվենք, որ տասը տոկոսը ձեզ չմնա»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ  

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում