Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրարշավը

Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրարշավը

Վրաստանում հունիսի 8-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրություններին նախորդող նախընտրական արշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նախագահական վարչակազմի կայքում:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին: Օրենսդիր մարմնի տեղերի համար նախնական տվյալներով կպայքարեն 30-ից ավելի կուսակցություններ: Կուսակցությունների գրանցումը կշարունակվի ընդհուպ մինչեւ օգոստոս: Բացի այդ, հոկտեմբերի 8-ին կանցկացվեն նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները:

Երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցություններն արդեն քարոզչական պլակատներ փակցնելու եւ քարոզչության իրավունք ունեն, բացի այդ, ուժի մեջ է մտել վարչական ռեսուրսների օգտագործման արգելքը: Նաեւ սկսել է գործել կուսակցությունների նախընտրական արշավին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության արգելքը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընտրությունների ամսաթվի նշանակման մասին կարգադրությունն ստորագրել է հունիսի 3-ին, իսկ հունիսի 8-ին այն ստորագրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես նշում է Sputnik-ը, դա ընտրություններից առաջ ամենաերկար ընտրարշավը կլինի ժամանակակից Վրաստանի ողջ պատմության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում