Եթե հպարտանում ենք Գոռ Մինասյանով, պարտավորենք հարգել նաև նրա խնդրանքը

Պոպուլիզմն ու դեմագոգիան, որպես հարազատ քույր ու եղբայր, անսահման ճկուն են ու աներևակայելի ընդարձակ: Դեմագոգի համար չկա որևէ արգելք, որևէ սահմանափակում, որևէ խոչընդոտ: Պարզապես պետք է լսել թե դիմացինն ինչ է ասում ու պնդել ճիշտ դրա հակառակը: Եթե մարդը աստվածավախ է, դեմագոգը հանգիստ կարող է հանդես գալ աթեիստի դիրքերից` ժխտելով Աստծո գոյությունը, իսկ աստվածուրացողի մոտ, նա կստանձնի աստվածապաշտի դերն ու կդառնա հավատքի ջերմեռանդ պաշտպան: 

Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանի տան լուսանկարները պղտոր գետում ձուկ որսացողների համար, որքան էլ տարօրինակ է, հարմար առիթ դարձան:

Նախ առանց նրա ցանկության նկարեցին նրա տունն ու տարածեցին ողջ համացանցով: Սկսենք նրանից, որ տունը մարդու անձնական տիրույթն է ու որևէ մեկը իրավունք չունի այն նկարելու ու տարածելու` առանց տանտիրոջ խնդրանքի կամ համաձայնության: Դա նույնն է, ինչ մարդու անձնական կյանքը տարածել և հանրության սեփականություն դարձնել: Հիմա երբ Գոռ Մինասյանը հայտարարում է, որ բարերարների կարիք չունի, որ ինքը կարող է իր խնդիրները լուծել ու խնդրում է հեռացնել իր տան նկարները համացանցից ու հորդորում է չխառնվել իր կյանքին, գտնվել են մարդիկ, ովքեր հայտարարում են, որ նա իրավունք չունի նման պահանջներով ու խնդրանքներով դիմելու: Ավելին, նրանք պնդում են, որ անկախ քո կամքից ու ցանկությունից, տանդ լուսանկարները պետք է հրապարակվեն:

Գոռը դրսևորել է տղամարդկային արժանապատվություն, մերժում է ցանկացած միջամտություն իր անձնական կյանքին, մերժում է ցանկացած օգնություն իր կենցաղում: Որպես իսկական տղամարդ` հայտարարում է, որ ինքն է լուծելու իր ու իր ընտանիքի հոգսերը:

Թվում է` դա միայն պետք է ողջունվեր, քանի որ մարդը չի ցանկանում, որ իր անձնական կյանքը վերածվի շահարկումների, չի ցանկանում, որպեսզի ոմանք օգտվելով առիթից ձեռք բերեն տարատեսակ դիվիդենտներ, չի ցանկանում խղճահարություն առաջացնել ուրիշների մոտ, չի ցանկանում, որպեսզի բոլորը տեսնեն իր լոգարանն ու ննջարանը:

Դա իր իրավունքն է: Միթե՞ այդքան բարդ է հասկանալ: Միթե՞ դժվար է հարգել մարդու խնդրանքը, տվյալ դեպքում պահանջը, քանի որ մարդը իրավունք ունի պահանջելու բոլորից` քթները չմտցնել իր անձնական տիրույթ:

Բայց մարդկանց մի խմբի դա անարդարացի է թվում, քանի որ դա թեմա է, որը նրանց շահարկման հնարավորություն է տալիս: Նրանք ասում են` Գոռ, դու իրավունք չունես պահանջելու, որպեսզի տանդ նկարները հեռացնեն ու…ու սկսվում է մի բացատրական, մի դաստիարակչական խրատ, մի խուճուճ նախադասություններով բարոյախրատական ճառ, քաղաքական դասընթաց ընդհուպ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, փիլիսոփայական էքսկուրս` սկսած Դիոգենեսից:

Երկու օրինակներում էլ կատարված է բացահայտ սխալ համեմատություն, քանի որ Խոսե Մուխիկան աղքատ չէ, պարզապես չի ձգտում հարստության ու ապրում է իր աշխատավարձով: Իսկ չլինել հարուստ, դեռևս չի նշանակում լինել աղքատ:

Դիոգենեսն էլ կինիկյան փիլիսոփայական ուղղվածության ներկայացուցիչ էր, ովքեր կոչ էին անում մարդկանց վերադառնալ բնական վիճակին ու ապրել կենդանիների պես` հրաժարվելով հայրենիք, բարոյականություն և այլ նմանատիպ հասկացություններից, որոնք իրենց պատկերացմամբ արհեստածին են: Այնպես որ Դիոգենեսն ապրում էր տակառի մեջ ոչ թե աղքատ լինելու պատճառով, այլ փորձում էր հետևել իր փիլիսոփայական ուսմունքին:

Իսկ Գոռ Մինասյանը ոչ Ուրուգվայի նախագահն է, ոչ էլ Դիոգենեսը: Նա տղամարդ է, որը ցանկանում է ապրել արժանավայել կյանքով ու իր ձեռքերով կառուցել իր տունը: Նա մարդ է, որի արժանապատվությունը թույլ չի տալիս դառնալ աղքատության ցուցիչ ու չի ցանկանում դառնալ քաղաքական գնահատականների պատրվակ: Նա միայն խնդրում է իրեն հանգիստ թողնել ապրելու իր սեփական կյանքով:

Չհարգել նրա խնդրանքը, անհեթեթ օրինակներով ու սրտաճմլիկ նախադասություններով մարդուն զրկել սեփական կյանքը տնօրինելու իրավունքից, քիթը նրա լոգարան մտցնելով փորձել ապացուցել սեփական ճշմարտացիությունն ու ընդդիմադիր կեցվածքը, առնվազն կոռեկտ չէ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում