Արմավիրի քաղաքապետի հրաժարականի դիմումը մերժվել է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ փետրվարի 25-ին Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը ներկայացրել է հրաժարական տալու մասին դիմում, ինչը համայնքի ավագանին ի գիտություն է ընդունել, արձանագրություն է կազմվել և մարզպետի միջոցով այն փոխանցվել է տարածքային կառավարման նախարարություն:

Վ.Տերտերյանը հայտնել է, որ նախարարությունում աշխատանքային քննարկումներ են եղել Արմավիրի քաղաքապետի հետ՝ հրաժարականի դրդապատճառները բացահայտելու նպատակով:

«Արձանագրում ենք, որ այդ դրդապատճառները որևէ կերպ չեն թղթակցում վերջինիս’ համայնքի ղեկավարի օրենքով լիազորված պարտականությունների իրականացման հետ: Դրանք անձնական են և զուտ էմոցիոնալ հարթության վրա են: Նկատի ունենալով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Արմավիրի քաղաքապետը ընտրվել է 2011 թ-ի մարտի 20-ին և դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման նույնիսկ կեսը, նաև այն, որ Արմավիրի քաղաքային համայնքում ծրագրեր են իրականացվում’ առաջարկում ենք մերժել հրաժարականը: Հրաժարականի մասին դիմումը և լիազորությունները վաղաժամ չեն դադարեցվում»,- նշել է Վ.Տերտերյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ դա ճիշտ մոտեցում է, քանի որ հրաժարականները չպետք է պայմանավորված լինեն քաղաքական գործընթացներով, այլ բուն պարտականությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում