«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 10 ֆուտբոլիստներով, «Լիվերպուլը» 2 միավոր կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Բերնլիին» և 2:1 հաշվով հաղթանակ տոնեց: 

Մեկնարկային 30 րոպեների ընթացքում «քաղաքայինները» մեծ առաջվելություն ունեին, սակայն 32-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով և ստիպված էին ավելի զգույշ տակտիկայով խաղալ․ կոպիտ սահանկման համար կարմիր քարտ ստացավ Ֆերնանդինյոն:

Ընդմիջման ժամանակ փոխարինման դուրս եկած Սերխիո Ագուերոն ու Դավիդ Սիլվան ակտիվացրին Պեպ Գվարդիոլայի թիմի խաղը: 58-րդ րոպեին Գաել Կլիշիի հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունում: Չորս րոպե անց Ագուերոն սուր անկյան տակ կատարած գեղեցիկ հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Եվս 8 րոպե հետո հաշիվը կրճատվեց: Մեկ գրոհի ընթացքում կատարած երեք վտանգավոր հարվածներից մեկի ժամանակ գնդակը հատեց դարպասային գիծը. աչքի ընկավ Բեն Մին: Հետագա ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 42 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական: «Բերնլին» 23 միավորով 11-րդ տեղում է:

Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» հյուրընկալվել է «Սանդերլենդին» և անսպասելիորեն միավորներ է կորցրել: 

Յուրգեն Կլոպի թիմը երկու անգամ հաշվի մեջ առաջ է եղել, սակայն մրցակցին երկու դեպքում էլ հնարավորություն է տվել պատասխան գնդակները խփել: Մերսիսայդցիները աչքի են ընկել անկյունայինների խաղարկման ժամանակ. գոլ են խփել Դանիել Սթարիջը (19՛) և Սադյո Մանեն (72՛): «Սև կատուներին» իրենց հերթին նույնպես դարպասը գրավել են ստանդարտներից, բայց այս դեպքում 11 մ. հարվածներով: Դուբլ է ձևակերպել Ջերմեին Դեֆոն (25՛, 84՛):

Հիմա «Լիվերպուլն» ունի 44 միավոր և առաջատար «Չելսիին» զիջում է 5 միավորով, սակայն լոնդոնցիներն այս տուրի խաղը դեռ չեն անցկացրել: «Սանդերլենդը» 15 միավորով մնաց 18-րդ հորզիոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում