Տաղանդավոր երիտասարդներ, ովքեր իդեալական թեկնածուներ են «Բարսելոնա» տեղափոխվելու համար

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Բարսելոնան» հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ տաղանդներին: Վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնացիների կազմը համալրեցին Դենիս Սուարեսը, Սամուել Ումտիտին, Լուկա Դինը, Պակո Ալկասերն ու Անդրե Գոմեշը։

Հաշվի առնելով կատալոնական ակումբի` երիտասարդ տաղանդների նկատմամբ թուլությունը՝ այս անգամ անդրադառնում ենք Իսպանիայում հանդես եկող այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են «Բարսելոնա» տեղափոխվել: Խոսքը 22 տարին չբոլորածների մասին է ու նրանց, ովքեր դեռ լիովին չեն ձևավորվել որպես ֆուտբոլիստ։

Ալեխանդրո Պոսո

Դեռ վաղ է Պոսոյին առաջնության ծագող աստղ անվանել, քանի որ նա Լա Լիգայում կանոնավոր չի էլ խաղում: Անկախ դրանից, Սեգունդայում հանդես եկող ֆուտբոլիստը հուսալի տաղանդ է ու շատ թիմերի մարզիչների ուշադրությունն է գրավում: Դեռ անցյալ տարվա ամռանն էին նրա անունը կապում «Բարսելոնայի» հետ:

Պոսոն ընդունակ է հարձակման ցանկացած դիրքում խաղալ, բայց նախընտրում է եզրերը: Տեխնիկան ու արագությունը նրա գլխավոր հատկանիշներից են: Երբ հետևում ես նրա խաղին, տեսնում ես ֆուտբոլիստի, ով կարող է արագ հարմարվել «Բարսելոնային»: Պոսոն ընդամենը 17 տարեկան է ու  թոփ-ակումբների հասնելու համար դեռ ժամանակ ունի։

Պաբլո Ֆորնալս

Ինչ վերաբերում է կատալոնացիների համար կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստներին, այստեղ չի կարելի անտեսել «Մալագայից» Պաբլո Ֆորնալսին, ով վաղուց արդեն կարևորագույն բաղադրիչ է իր թիմում: Նա հարուստ է տեխնիկապես, երկու ոտքերով էլ լավ է խաղում և բացարձակապես անվախ է: Պաբլոն հիանալի մարտիկ է ու կարող է մրցակիցների մեծ մասից գնդակ խլել: Ինչ-որ իմաստով նրան կարելի է ապագա Բուսկետս համարել: Պաբլոն դեռ 20 տարեկան է ու 50 խաղի է մասնակցել Իսպանիայի բարձրակարգ առաջնությունում:

Թեո Էրնանդես

Էրնանդեսն «Ատլետիկոյի» տաղանդներից է, բայց ի տարբերություն մադրիդյան թիմի ֆուտբոլիստներից շատերի՝ նրան գնելու հնարավորությունը մեծ է: Թեոն Լուկաս Էրնանդեսի եղբայրն է: Նա ևս պաշտպան է, բայց ի տարբերություն եղբորը՝ նախընտրում է ձախից խաղալ: Այս մրցաշրջանում նա «Դեպորտիվո Ալավեսի» համար իսկական բացահայտում դարձավ. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստն այնտեղ է վարձավճարի դիմաց:

Թեոն 19 տարեկան է ու արդեն հիմա տպավորիչ խաղ է ցուցադրում ավելի հայտնի անունների կողքին: Կասկածի հատիկ անգամ չի կարող լինել, որ մեր առաջ ապագա աստղ է, թեև դեռ հասկանալի չէ, թե որ ակումբի կազմում: Եթե «Բարսելոնան» չի ցանկանում հզորացնել մրցակցին, ապա քայլեր ձեռնարկելու ժամանակն է:

Մաուրիսիո Լեմոս

Չի կարելի ասել, որ «Լաս Պալմասի» պաշտպանն այս մրցաշրջանում հիացնում է բոլորին, քանի որ նա ոչ միշտ է խաղաժամանակ ստանում: Այնուամենայնիվ, խուճապի մատնվել պետք չէ․ Լեմոսն ընդամենը 21 տարեկան է։

Անցյալ տարվանից Լեմոսն ապացուցել է, որ իր ագրեսիվ ոճի ու խաղը կարդալու հմտության շնորհիվ ընդունակ է դիմակայել Լա Լիգայի ուժեղագույն հարձակվողներին։ Եթե «Բարսելոնայում» մտածեն, որ Թեո Էրնանդեսի տրանսֆերը թանկ է հաճույք է, ուշադրություննը կուղղեն Լեմոսի կողմը։

Խորխե Մերե

Շարունակելով պաշտպանության թեման՝ պարզապես հնարավոր չէ չանդրադառնալ «Սպորտինգից» Խորխե Մերեին: Կենտրոնական պաշտպանը հիանալի կարդում է խաղը և առանց վախի խաղում, նա լիովին ինտեգրվել է «Սպորտինգում», որն ավանդաբար ծածկում է աստղերի բացակայությունն անվախ խաղացողներով:

Մերեն բարսելոնյան ոճով է խաղում, թեև դեռ փորձառու չէ ու ընդունակ չէ միշտ անսխալ որոշումներ կայացնել ծանր պահերին: Նա ընդամենը 19 տարեկան է, իսկ «Բարսելոնան» արդեն հիմա լավ կանի՝ մտածի նրան գնելու մասին։

Անխել Կորեա

Անկասկած, այս ցուցակի ամենահայտնի ֆուտբոլիստը Կորեան է, բայց նա «Ատլետիկոյի» կազմում դեռ ցույց չի տվել, թե ինչի է ընդունակ: Ագրեսիվ ոճը, խաղի ամբողջ ընթացքում անզիջում պայքարը նրան շատ վտանգավոր ֆուտբոլիստ են դարձնում: Նա իր արագությամբ կարող է հետաքրքրել «Բարսելոնային»։ Անխելը վստահաբար ավելի օգտակար կլինի, քան Պակո Ալկասերը։

Միակ խնդիրն այն է, որ նա 21 տարեկան է, խաղում է հավաքականում ու արդեն իսկ թոփ-ակումբի ֆուտբոլիստ է: Նրա տրանսֆերը կատալոնացիներին հեշտությամբ չի տրվի, բայց դժվար թե վերջիններս խնայեն միջոցներն այսպիսի տաղանդի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում