Էդվարդ Նալբանյանը Բեռլինում հանդիպել է Օմանի ԱԳ նախարարին
Նմանատիպ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Օմանի արտաքին գործերի նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում որպես ՀՀ Նախագահի առաջին հատուկ բանագնաց դեռ 1993թ. Օման իր այցը և Մասկատում ունեցած հանդիպումները: Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Նախարար բեն Ալաուի բեն Աբդալլահն ընդգծել է, որ Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ խթանելու տնտեսության և առևտրի ոլորտում համագործակցությունը: Շեշտվել է իրավապայմանագրային դաշտի զարգացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խթանման հետ կապված հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը և Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլահն անդրադարձել են միջազգային հրատապ հարցերի: Ընդգծվել է հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում